Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ներկայումս ունի։ Նման հայտարարությամբ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ մինչեւ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը չլուծվի, որեւէ բան չի կարող լինել։
Նա, անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Ղարաբաղում ազատագրված 5 տարածքներն արդեն հանձնվել են ու հիմա քննարկվում է, թե էլ ինչ տարածքներ պիտի հանձնվեն, Մինասյանն ասաց, որ դրանք պարզապես դիվանագիտական շահարկումներ են։
Սակայն նշենք, որ Մինասյանը նաեւ ընդգծեց, որ եթե նույնիսկ ղարաբաղյան հարցը լուծվի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, ապա միեւնույնն է Աղդամն ու Հորադիզը մնալու են ադրբեջանցիներին.
«Մենք ի՞նչ ենք անելու, հո աշխարհի աչքը չենք ծակելու, վերջին հաշվով բացի մեր շահերից կա նաեւ Ադրբեջանի շահերը։ Մենք չենք խոսում, իրենք են խոսում: Մենք խոսենք-չխոսենք, իրենք են խոսում։ Մենք խոսում ենք այն մասին, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն եւ Հայաստանի հետ սահման ունենա»,- ասաց ԱԺ պատգամավորը։




























