Քրդական PKK-ի ղեկավարներից Մուրադ Քարայըլանը դրական է գնահատել թուրքական իշխանությունների կողմից մի քանի օր առաջ հանձնված 34 քուրդ զինյալների ազատ արձակումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radıkal-ը։
Իմրալի կղզում ցմահ դատապարտված Աբդուլահ Օջալանի կոչին ենթարկված 34 քուրդ զինյալները, հանձնվելով թուրք իրավապահներին, կարճ ժամանակ անց ազատ են արձակվել։ Այս առթիվ հայտարարությամբ է հանդես եկել PKK-ի ղեկավարներից Մուրադ Քարայըլանը։ Նա նշել է. «Ահա մենք այս քայլը արեցինք, խնդրեմ դուք էլ ձեր քայլը արեք։ Սպասելու ենք թուրքական իշխանությունների իրականացնելիք քայլերին եւ ըստ դրա կշարունակենք։ Մի քանի օրից Եվրոպայից էլ նման մի խումբ կգա կհանձնվի Թուրքիայում։ Մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ խաղաղություն հաստատել։ Մենք ցանկանում ենք Թուրքիայում ապրող քուրդ ժողովրդի եւ թուրք ժողովրդի միջեւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով լուծել։ Սակայն մենք սա անում ենք, ոչ թե որ թույլ ենք, այլ որ ճիշտ ենք գտնում սա։ Մեզ ճիշտ թող հասկանան»,-ասել է նա։
NEWS.am-ը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Հյուսիսային Իրաքում իրավապահներին հանձնված եւ Թուրքիա տեղափոխված 34 քուրդ զինյալներին Թուրքիայի Հաբուր սահմանակետում քրդերը դիմավորել էին մեծ ցնծությամբ։ Այս կապակցությամբ իր դժգոհությունն էին հայտնել, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրանք մեղադրել են հիմնականում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը, որ քուրդ զինյալներին դիմավորել են ավելորդ ճոխություններով՝ համարելով դա անթույլատրելի։ Իսկ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը ասել է, որ հանձնված ահաբեկիչներին դիմավորեցին ինչպես հերոսների եւ դրա մեջ մեղադրում է թուրքական իշխանություններին։




























