Շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Հայաստանի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ հայկական զինուժի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է բանակային բնագծերից մեկը: Նախագահը տեղում հետեւել է մարտական հերթապահության ծառայության կազմակերպմանը, ներկա է գտնվել երկու գումարտակներում անցկացված ցուցադրական զորավարժություններին, անցկացրել է պաշտպանական շրջանի դիտարկում: Այնուհետեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է ցուցադրական զորավարժությունների արդյունքները եւ զորավարժություններին մասնակից սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ:

Սերժ Սարգսյանը զորավարժությունների ավարտից հետո ծաղիկներ է դրել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) հուշարձանին, պատասխանել է նաեւ Արցախի հանրային հեռուստատեսության լրագրողի հարցերին:

Այցի ավարտին նախագահ Սարգսյանը ԼՂՀ ղեկավարության մասնակցությամբ Ստեփանակերտում հրավիրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների շուրջ խորհրդակցություն: