Apple-ը մտադիր է իր ինքնակառավարվող մեքենան 2025 թվականին թողարկել, հայտնում է The Information-ը։

Լրագրողները տեղեկատվություն են պատրաստել Apple մակնիշի առաջին ավտոմեքենայի մասին եւ բացահայտել նախագծի մանրամասները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան ընկերությունը երկար ժամանակ է փորձարկում է մեքենայի նախատիպը եւ մի քանի անգամ բախվել է հիասթափեցնող արդյունքների։ Այսպես, ինսայդերներն օրինակ են բերել, երբ փորձարկումներից մեկի ժամանակ մեքենան արձագանքել է ճանապարհին հետիոտնի հայտնվելուն ոչ թե արգելակելով, այլ դեպի կողք կտրուկ մանեւրով։ Apple-ում եկել են այն եզրակացության, որ եթե վարորդը մեքենան չկանգնեցներ, ՃՏՊ կլիներ։

Նյութում նկարագրվում է նաեւ ավտոմեքենայի կառուցվածքը։ Հստակեցվում է, որ Apple-ը փորձում է առանց ղեկանիվի եւ ոտնակների մեքենա ստեղծելու թույլտվություն ստանալ։ Թափքում նստարանները դեմ առ դեմ կլինեն, որպեսզի ուղեւորները կարողանան հաղորդակցվել ուղեւորության ընթացքում։ Պարզվել է նաեւ, որ Apple-ի նախկին դիզայներ Ջոնի Այվը շարունակում է համագործակցել ընկերության հետ։

Մեքենայի փորձարկումների ժամանակ ինժեներները նաեւ պարզել են, որ մեքենան իրեն վստահ է պահում ճանապարհի նախօրոք որոշված հատվածներում, սակայն անծանոթ տեղանքում բախվում է խնդիրների: Ինսայդերներն ասում են, որ ընկերությունում ոչ բոլորն են դրական վերաբերվում նախագծին, օրինակ՝ Apple-ի թոփ-մենեջեր Քրեյգ Ֆեդերիգին «հատկապես թերահավատորեն է վերաբերվում» ինքնակառավարվող մեքենայի մշակմանը: Ընկերությունն իր մեքենայի թողարկումը պլանավորել է 2025 թվականին։