Փոքր երկրներում արտաքին հետախուզությունը պահում են ԱԱԾ-ի կազմում, իսկ օրինակ Ռուսաստանում, որը մեծ շահեր ունի աշխարհում, դա առանձին ծառայություն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը որոշել է արտաքին հետախուզության վարչություն ստեղծել:
«Եթե հզոր բյուջե ունես, արդարացված է առանձին կառույց ունենալը, Հայաստանը ինչքա՞ն փող է դնելու դրա մեջ: Արտաքին հետախուզությունը ահռելի ծախսատար բան է»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ վերջին օրերին Հայաստան ժամանեցին ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Աբրահամյանն ասաց. «Լսելով, որ Հայաստանը որոշել է արտաքին հետախուզական ծառայություն ստեղծել, ամեն մեկն իր հերթին եկել է իր օգնությունն է առաջարկում. Ասում է՝ ես կօգնեմ, կսարքեմ: Պարզ չի՞, որ ով օգնեց, սարքեց, դրա ազդեցության տակ է լինելու: Իհարկե, Ռուսաստանի հետ ավելի հեշտ է, ավելի հարմար է, մենք էլ ՀԱՊԿ-ի անդամ ենք:





























