ԱՄՆ-ի ամենաազդեցիկ քաղաքագետներից մեկը՝ Ֆրենսիս Ֆուկույաման, կարծում է, որ Ռուսաստանը հսկայական օգուտ կստանա, եթե 2024թ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվի։

«Եթե Դոնալդ Թրամփը վերադառնա 2024թ., դա կլուծի Ռուսաստանի բոլոր խնդիրները, որովհետեւ նա, հավանաբար, ձգտում է ԱՄՆ-ը հանել ՆԱՏՕ-ից։ Ռուսաստանը կհասնի իր հիմնական նպատակներին պարզապես ամերիկյան քաղաքականության այդ փոփոխության շնորհիվ»,- ասել է Ֆուկույաման DW-ի հարցազրույցում։

Ֆուկույաման Սթենֆորդի պրոֆեսոր է, հայտնի է նրանով, որ պնդել է, որ արեւմտյան դեմոկրատիաները բոլոր քաղաքական եւ տնտեսական համակարգերի վերջնակետն են։ Նա Թրամփի վերադարձը բնորոշել է որպես Ուկրաինայի համար վտանգավոր եւ միասնական ճակատի համար ճակատագրական մի բան, որն Արեւմուտքին կդնի «Ռուսաստանի ներխուժմանը» դեմ-հանդիման։

Արեւմտյան երկրներն աննախադեպ պատժամիջոցներ են մտցրել Մոսկվայի դեմ։ Բայց պատերազմը եւ դրա հետ կապված պատժամիջոցները իզուր չեն անցել Արեւմուտքի համար, քանի որ գնաճը եւ էներգակիրների գները սրընթաց բարձրանում են ամբողջ աշխարհում։ Բաց են մնում հարցերն այն մասին, թե արդյոք Արեւմուտքը քաղաքական կամք ունի շարունակելու անսասան աջակցությունն Ուկրաինային, քանի որ տնտեսական դժվարություններն ավելի մեծ ճնշում են գործադրում կառավարությունների վրա։

«Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի Ուկրաինան հասնի որոշ առաջընթացի եւ վերականգնի ռազմական իմպուլսը ամռանը, որովհետեւ Արեւմուտքի միասնությունն իսկապես կախված է այն մարդկանցից, որոնք հավատում են, որ մոտ ապագայում  խնդրի ռազմական լուծւմը կլինի»,- ասել է Ֆուկույաման։ «Եթե նրանք զգան, որ մենք բախվելու ենք երկարատեւ փակուղու, որը կձգվի հավերժ, այդ ժամանակ, ես կարծում եմ, միասնությունը կսկսի քայքայվել, եւ ավելի շատ կոչեր կլինեն Ուկրաինային՝ հրաժարվելու տարածքներից, որպեսզի պատերազմը դադարեցվի»։

Շտաբների պետերի Միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին նախօրեին ասել էր, որ հակամարտությունն Ուկրաինայում, հավանաբար, կշարունակվի որպես «հյուծիչ պատերազմ»։ Անցած ամիս Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը Insider-ին ասել էր, որ ըստ որոշ գնահատականների՝ պատերազմը կարող է տեւել մինչեւ 2023 կամ 2024թթ.։ Դա նշանակում է, որ  մարտական գործողություններն Ուկրաինայում կարող են շարունակվել ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրությունների ֆոնին։

Չնայած Թրամփը պաշտոնական հայտարարություն չի արել, սպասվում է, որ նախկին նախագահը նորից կառաջադրվի 2024թ.։