Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցով Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը կղեկավարի թուրք ծովակալը։ Ընդհանուր առմամբ, նրանում կաշխատեն հուլիսի 22-ին «մթերային գործարք» կնքած «քառյակի» 20 ներկայացուցիչներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Türkiye թերթին։

Հրատարակության տվյալներով՝ Ստամբուլ սկսել են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Türkiye-ն նաեւ պնդում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի զինվորականները կհանդիպեն միայն ըստ անհրաժեշտության, նրանք կաշխատեն տարբեր գրասենյակներում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ համակարգող կենտրոնը ստեղծվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության համալսարանում եւ գտնվում է Ստամբուլի Լեւենթ թաղամասում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կենտրոնում ներկայացված կլինեն գնդապետի կամ գեներալի կոչումով զինվորականներ՝ Թուրքիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ Այնտեղ կլինեն նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Ուկրաինայի երեք նավահանգիստներից (Օդեսա, Յուժնի եւ Չեռնոմորսկ) հացահատիկի փոխադրման ուղիներով անվտանգ նավարկության վերահսկողությունը կիրականացվի շուրջօրյա հիմունքներով։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անցած կիրակի ասել է, որ կենտրոնի ներկայացուցիչները համակարգում են ջանքերը՝ հացահատիկով առաջին նավը որքան Ուկրաինայի նավահանգիստներից հնարավոր է շուտ դուրս բերելու համար։

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, որը կոչված է լուծել համաշխարհային շուկաներ սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարման խնդիրը։ Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ հուշագրում ամրագրված է, որ համաշխարհային կազմակերպությունը միանում գյուղատնտեսական ապրանքների եւ պարարտանյութերի արտահանմանը խոչընդոտող հակառուսական սահմանափակումների վերացման աշխատանքներին։ Մեկ այլ փաստաթուղթ սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմը։ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ պայմանավորվածությունները ենթադրում են քառակողմ համակարգման կենտրոնի ստեղծում, որի ներկայացուցիչները կստուգեն հացահատիկի նավերը՝ զենքի մաքսանենգությունը եւ սադրանքները կանխելու համար։