Ուկրաինայի պատերազմի մասին վարչապետ Վիկտոր Օրբանի մեկնաբանությունները տհաճ են արեւմտյան ականջների համար, բայց նա իրավացի է, գրում է American Conservative-ը:
Օրբանն ի սկզբանե պնդում էր Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով։ Եվրոպացիները նրան սուր քննադատության էին ենթարկում Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերական մտերմության համար։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը դադարեցնում է գազի մատակարարումը Եվրոպա եւ մոտենում է ձմեռը, Օրբանի արտաքին քաղաքական իրատեսությունն ավելի իմաստուն տեսք ունի, քան թվում է:
Նրա ելույթից. «Կան երկրներ, որոնք քննադատում են մեզ, քանի որ կարծում են, որ մենք բավականաչափ հավատարիմ չենք ուկրաինացիներին։ Բայց այդ երկրները հեռու են, եւ լավագույն դեպքում աջակցություն են ցուցաբերում փողով կամ զենքով: Մինչդեռ այսօր մենք՝ հունգարացիներս, միակն ենք, ուկրաինացիներից բացի, որոնք զոհվում են այդ պատերազմում։ Մեր տվյալներով՝ այս պատերազմում մինչ օրս ութսունվեց հունգարացի է զոհվել։ Այդ պատերազմում միայն մենք՝ հունգարացիներս, միակն էինք, որ արյուն թափեցինք, իսկ մեզ քննադատողները չթափեցին։ Այդ իսկ պատճառով Հունգարիան, որպես հարեւան երկիր, իրավունք ունի ասելու, որ խաղաղությունը միակ լուծումն է, որը մարդկային կյանքեր կփրկի եւ միակ հակաթույնը պատերազմական ժամանակի գնաճի եւ պատերազմական ժամանակի տնտեսական ճգնաժամի դեմ։ Մենք կպնդենք, որպ սա մեր պատերազմը չէ. Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ելնում ենք նրանից, որ ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը, եւ այդ պատճառով Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա: Հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա կանգ չի առնելու, թույլ, բայց հասկանալի քարոզչական թեզ է, որն օգտագործում է Ուկրաինան։ Ես դա հասկանում եմ, քանի որ նրանց նպատակը մեզ, որքան հնարավոր է շատ երկրներ իրենց կողմից այս պատերազմում ներգրավելն է. բայց այն չունի որեւէ իրական հիմք: Միեւնույն ժամանակ, քանի որ մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք եւ ցանկանում ենք հեռու մնալ այս պատերազմից, մեր վիճակը նուրբ է դարձել։ Որովհետեւ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն որոշել են, որ, թեեւ չեն պատերազմող երկրներ դառնա, այնուամենայնիվ, զենք կմատակարարեն եւ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կկիրառեն եւ դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ, դա նշանակում է, որ նրանք դե ֆակտո այս հակամարտության կողմերն են։ Հիմա մենք վտանգավոր վիճակում ենք, երբ պետք է ինչ-որ կերպ օգնենք ուկրաինացիներին, դե ֆակտո հակամարտության կողմ լինելով, բայց միեւնույն ժամանակ հետեւելով, որպեսզի Մոսկվայում մեզ՝ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին, այս իրավիճակում պատերազմող կողմ չհամարի։ Սա այն դիրքորոշումն է, որի շուրջ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ամեն օր հավասարակշռում են՝ հսկայական ռիսկեր վերցնելով իրենց վրա»։
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Օրբանն այս մասում անում այն, ինչը շատ արեւմտյան առաջնորդների եւ մտածողների անհնար է թվում. նա փորձում է հասկանալ, թե ինչու են ռուսները ներխուժել՝ առանց ներխուժումն արդարացնելու. «Կցանկանայի մի քանի խոսք ասել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը եւ որոնք էինի դրա պատճառները: Իհարկե, բոլորը գիտեն, որ Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա։ Հիմա եկեք նայենք դրա պատճառներին... Ռուսները անվտանգության շատ հստակ պահանջ դրեցին. նրանք պահանջում էին, որպեսզի Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չդառնա։ Արեւմուտքը մերժեց այդ առաջարկը եւ հրաժարվեց բանակցել դրա շուրջ:
Նրանք ասացին, որ ՆԱՏՕ-ն«բաց դռների քաղաքականություն» է վարում. դուռը բաց է, ցանկացած մարդ կարող է դիմել, եւ մենք կորոշենք՝ կուզենք ընդունել նրանց, թե՞ ոչ։ Եւ այդ մերժման հետեւանքն այն է, որ ռուսներն այսօր ձգտում են զենքի ուժով հասնել իրենց անվտանգության պահանջներին, որոնց նախկինում ձգտում էին հասնել բանակցությունների միջոցով: Պետք է ասեմ, որ այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե մեր բախտը մի փոքր բերեր, եւ այդ կրիտիկական պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի անունը Դոնալդ Թրամփ էր, եւ եթե մինչ այդ մենք կարողանայինք համոզել Անգելա Մերկելին չլքել պաշտոնը: Բայց մեր բախտը չբերեց, եւ հիմա մենք այս պատերազմի մեջ ենք…
Այս պատերազմում Արեւմուտքի ռազմավարությունը հիմնված է չորս սյուների վրա: Թղթի վրա դա առողջ ռազմավարություն է, եւ այն կարող է հաստատվել նույնիսկ թվերով: Նախ, Ուկրաինան չի կարող միայնակ հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում, բայց կարող է դա անել անգլո-սաքսոնների եւ ՆԱՏՕ-ի զենքի օգնությամբ։ Երկրորդ ռազմավարական պնդումն այն էր, որ պատժամիջոցները կթուլացնեն Ռուսաստանը եւ կապակայունացնեն ղեկավարությունը Մոսկվայում: Երրորդ ռազմավարական տարրն այն էր, որ, թեեւ դրանք կազդեն նաեւ մեզ վրա, մենք կկարողանանք դիմակայել պատժամիջոցների տնտեսական հետեւանքներին։ Եւ չորրորդ ռազմավարական դատողությունն այն էր, որ ամբողջ աշխարհը կշարվի մեր թիկունքում, քանի որ մենք ճիշտ ենք:
Սակայն այս հիանալի ռազմավարության արդյունքում այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք նստած ենք չորս ծակ անվադողերով ավտոմեքենայի մեջ։ Միանգամայն հասկանալի է, որ այսպես պատերազմում չես հաղթի։ Ուկրաինացիներն ամերիկյան պատրաստությամբ եւ զենքով երբեք չեն հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում: Պարզապես այն պատճառով, որ ռուսական բանակն ասիմետրիկ գերազանցություն ունի:
Երկրորդ փաստը, որը մենք պետք է ընդունենք, այն է, որ պատժամիջոցները Մոսկվան չեն ապակայունացնում:
Երրորդ, Եվրոպան տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ ունի. կառավարությունները դոմինոյի պես ընկնում են։ Պատերազմի բռնկումից անմիջապես հետո ընկան Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բուլղարիայի եւ Էստոնիայի կառավարությունները։ Իսկ աշունը դեռ առջեւում է: Հունիսին էներգակիրների գները կրկնապատկվեցին: Դրա հետեւանքները մարդկանց կյանքի վրա նոր են սկսում երեւալ, իսկ մենք արդեն կորցրել ենք չորս կառավարություն։
Եւ, վերջապես, աշխարհը ոչ միայն մեզ հետ չէ, այլեւ ակնհայտորեն մեզ հետ չէ։ Աշխարհի մեծամասնությունը պարզապես հրաժարվում է մասնակցել այս պատերազմին՝ ոչ թե այն պատճառով, որ կարծում է, որ Արեւմուտքը սխալ կողմում է, այլ որովհետեւ նրանց համար աշխարհում ավելին կա, քան այս պատերազմը, եւ նրանք իրենց խնդիրներն ունեն, որոնց դեմ պայքարում են եւ ուզում են լուծել: Հնարավոր է, որ այս պատերազմը հստակորեն վերջ կդնի արեւմտյան գերիշխանության այն ձեւին, որը կարող էր տարբեր միջոցներ օգտագործել՝ կոնկրետ որոշ դերակատարների դեմ ընտրված հարցի շուրջ համաշխարհային միասնություն ստեղծելու համար: Այս դարաշրջանը մոտենում է ավարտին, եւ, ինչպես ասվում է քաղաքական գործիչների ամպագոռգոռ լեզվով, բազմաբեւեռ աշխարհակարգն արդեն թակում է մեր դուռը»։
Արեւմուտքում ոչ ոք չի ուզում դա լսել, քանի որ եթե դա ճիշտ է, նշանակում է, որ ռուսները կստանան այն, ինչ ցանկանում են Ուկրաինա ներխուժելուց կամ գոնե ինչ-որ չափով կշահեն դրանից: Եւ այնուամենայնիվ, ո՞րն է այլընտրանքը։ Մենք՝ արեւմուտքցիներիս թվում է, որ եթե բարոյապես ճիշտ կողմում ենք, հաղթելու ենք։ Դա նույն կախարդական մտածողությունն է, որը հուշում է, որ Օրբանը սխալվում է միգրացիայի եւ քաղաքակրթական ժողովուրդների խառնման հարցում, որովհետեւ դա ռասիստական է հնչում, եւ դա՝ չնայած ցավալի եւ անլուծելի խնդիրներին, որոնք կեղեքում են անհասկանալի միգրանտներով հեղեղված արեւմտյան քաղաքները: Այդ մտածողությունը կտրուկ եւ ցավալիորեն կավարտվի այս ձմռանը, երբ եվրոպական ժողովուրդները կսառչեն մթության մեջ եւ դուրս կգան փողոցներ՝ բողոքելու այն կառավարությունների դեմ, որոնք իրենց հասցրեցին այդ քաոսին: Օրբանը դա հստակ կանխատեսում է: Եթե կարծում եք, որ դա սխալ է, ապա ինչու է նա սխալ:
Ի՞նչ անել պատերազմի հետ: Ահա ճշմարտությունն ասող Վիկտոր Օրբանը, որն Արեւմուտքում ոչ ոք չի ուզում լսել. «Հունգարիան չպետք է պատրանքներ ունենա, որ մեր հիանալի խորհուրդներով մենք կկարողանանք ազդել պատերազմի ընթացքի եւ Արեւմուտքի ռազմավարության վրա։ Այնուամենայնիվ, ցանկացած բանավեճի ժամանակ ես պատվի եւ բարոյական սկզբունքի հարց եմ համարում այն, որ մենք պետք է փորձենք տեղ հասցնել մեր տեսակետը եւ փորձել համոզել Արեւուտքին հաղթանակի դատարկ ուղերձները փոխարինելու նոր ռազմավարությամբ հանդես գալ: Նոր ռազմավարությու է անհրաժեշտ, եւ դրա ուշադրությունը, նրա նպատակը պետք է լինի ոչ թե պատերազմում հաղթելը, այլ խաղաղության բանակցությունները եւ լավ խաղաղության առաջարկը: Պատկերավոր ասած՝ պետք է ասեմ, որ հիմա Եվրամիության խնդիրը ոչ թե ռուսների կամ ուկրաինացիների կողքին, այլ Ռուսաստանի ու Ուկրաինայի արանքում կանգնելն է։ Դա պետք է լինի նոր ռազմավարության էությունը... Որքան շատ ՆԱՏՕ-ի երկրներն ուկրաինացիներին ժամանակակից սպառազինություն մատակարարեն, այնքան ռուսներն առաջ կշարժվեն առաջնագծում։ Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ, իսկ պատերազմին վերջ տալու միակ ճանապարհը ռուս-ամերիկյան բանակցություններն են։ Խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չկան ռուս-ամերիկյան բանակցություններ... Իրավիճակը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրավիճակին:
Եվրոպան կրկին հայտնվում է մի իրավիճակում, երբ խոսքի իրավունք չի ունենա իր անվտանգության ամենակարեւոր հարցում, որը կրկին կորոշեն ամերիկացիներն ու ռուսները»:
Օրբանն իրատեսական հնարավորություն չի տեսնում, որ Ուկրաինայում պատերազմը կլուծվի մինչեւ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Կարծես թե, նա խաղադրույք է կատարում Հանրապետականի վարչակազմի իշխանության գալու վրա։ Ելույթի նույն հատվածում նա կշտամբում է ԵՄ-ին համաշխարհային տերություն դառնալու ձգտման համար, որը, սակայն, չի կարողանում կարգի բերել իր տունը, այդ թվում՝ վերահսկողությունն իր սահմանների նկատմամբ:





























