Հոկտեմբերի 10-ին Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը քարոզ է կարդացել Անթիլիասի վանքերից մեկում։ Նա այդ քարոզը կարդացել է հենց այն պահին, երբ շվեյցարական Ցյուրիխում ստորագրվում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունները։ Արամ Առաջինը, մասնավորապես, ասել է, որ "ազգերի պատմությունը ձեւավորվում է կոլեկտիվ «այո»-ով եւ «ոչ»-ով։ Ազգի կոլեկտիվ կամքը, նրա հավատն ու նկարագիրը արտահայտվում են «այո»-ի եւ «ոչ»-ի միջոցով՝ վերածվելով ազգի ճանապարհի ու տեսակետի, նրա ուժի արդյունքն են, պայքարի նախադրյալն ու նրա գոյության երաշխիքը։
Այդպիսին էր նաեւ մեր ժողովրդի պատմությունը։ Ուշադրություն դարձրեք Հայկի Բելին ասած «ոչ»-ին, սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Տրդատ թագավորին, Վարդան Մամիկոնյանի՝ Պարսից Հազկերտ թագավորին։ Հիշենք մեր ժողովրդի Բյուզանդիային ու Օսմանյան Կայսրությանն ասած «ոչ»-ը։
Մեր ժողովուրդը քաջություն է ունեցել նաեւ կոլեկտիվ «այո» ասել քրիստոնեությանն ու նրա պատվիրաններին, նրա ինքնությանը համապատասխանող հոգեւոր ու ինտելեկտուալ արժեքներին։ Այլ խոսքով, մեր ժողովուրդը իր միասնական «այո»-ով եւ «ոչ»-ով մեծ հաջողությունների է հասել ազգի ձեւավորման գործում։
Ներկա դրությամբ մեր ժողովուրդը կրկին կանգնած է իր ժամանակակից պատմության որոշիչ իրադարձությունների առջեւ։ Եվ նա բողոքում է արձանագրությունների դեմ, որոնք հենց այս պահին ստորագրվում են Ցյուրիխում։ Եվ չնայած այդ խնդրի վերաբերյալ տարբեր ձեւակերպումներին, մեր ժողովուրդը բավարարված չէ։
Մենք «ոչ» ենք ասում Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված եւ իրականացված Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող բոլոր համաձայնագրերին։ «Ոչ»՝ Հայաստանին իր քաղաքական եւ օրինական բովանդակությունից զրկելու բոլոր փորձերին։ «Ոչ»՝ մեզ Կարսից, Անիից, Սիսից ու Արդահանից, մեր բազմադարյա եկեղեցիներից ու վանքերից զրկելուն ուղղված բոլոր փորձերին, «ոչ»՝ այն ամենին, ինչը ցանկանում է պառակտել մեր համայնքները եւ անջատել Սփյուռքը Հայաստանից՝ Թուրքիայի նախագահի ու վարչապետի ջանքերով։
«Այո» այն ամենին, ինչ հավատարիմ է մեր նահատակների սուրբ ժառանգությանը։ «Այո»՝ Ցեղասպանության հետ կապված փոխհատուցման պահանջի բոլոր նախաձեռնություններին եւ Հայաստանի ու Սփյուռքի կապերի միավորման ու խորացման ջանքերին։
Մեր Հիսուս Քրիստոս աստվածն ասել է. «այլ ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից ավելին չարից է (Ավետարան ըստ Մաթեւոսի, 5.37)։ Սփյուռքն արդեն արտահայտվել է։ Ով լսելու ականջ ունի, թող լսի (Ավետարան ըստ Մաթեւոսի, 11.15)։ Հավատարիմ մնալով Քրիստոսի պատվիրաններին, մեր ժողովուրդը միշտ էլ „այո“ կամ „ոչ“ է ասել, որոնք հենց այդպիսին էին։ Այսպիսով, „ոչ“ կապիտուլյացիային եւ „այո“՝ արդար պահանջներին»։




























