Թուրքիա Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցի շրջանակներում Ստամբուլում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը, հայտնում է Грузия Online-ը։
Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը դրականորեն նշվել է երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության առաջնահերթ ուղղություններին, այդ թվում՝ առեւտրատնտեսական հարաբերություններին եւ հետագա զարգացման նրանց մեծ ներուժին։ Այս առումով արդեն իսկ հաջող արդյունքներ են ձեռք բերվել, այդ թվում՝ ապրանքաշրջանառության աճ։ Նախարարները պայմանավորվել են աշխատել միջգերատեսչական մակարդակով՝ երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերն ամրապնդելու համար։ Պլանավորվել է հաջորդ հանդիպման անցկացումը Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական տնտեսական խորհրդի շրջանակներում։
Նախարարները դրական են գնահատել երկրների միջեւ փոխադարձ աջակցության բարձր մակարդակը։ Իլյա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Թուրքիայի հաստատակամ աջակցության, ինչպես նաեւ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Թուրքիայի հաստատակամ դիրքորոշման համար։ Նախարարները դիտարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Այս առումով ընդգծվել են Թուրքիայի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման առումով»,- ասվում է պաշտոնական տեղեկատվության մեջ։
Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին զրույցում նշվել է Վրաստանի կարեւոր դերը Հարավային Կովկասում կայունության եւ կայուն զարգացման ապահովման գործընթացում։
Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ողջունել են բազմակողմ ձեւաչափերով երկու երկրների հարաբերությունները եւ հատկապես նշել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձեւաչափը ու դրա շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտները, որոնք հաջողությամբ զարգանում են։




























