Երեւանում՝ մարզահամերգային համալիրում բացվել է Panarmenian Expo 2009 երրորդ ցուցահանդեսը, որին մասնակցում են 160 ընկերություններ՝ 15 երկրներից: Expo-ում ներկայացված ապրանքների եւ ծառայությունների 90 տոկոսն արտադրվում կամ իրականացվում է Հայաստանում, եւ միայն 10 տոկոսը՝ արտերկրում: Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը:

Ինչպես նկատեց Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, հատկանշական է, որ Expo-ին մասնակցող ընկերություններից 10-ն իրենց գործունեությունը սկսել են ֆինանսա-տնտեսական ճգնաժամի օրերին, եւ այսօր արդեն իրենց արտադրանքն են ներկայացնում ցուցահանդեսին: Նա նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են հիմնականում մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: «Մենք չենք հրավիրել այն ընկերություններին, որ Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթ հռչակված ոլորտներում են աշխատում, քանի որ այդ ընկերույթուններն առանձնակի խնդիրներ չունեն»,- նկատեց Սարգսյանը:

Նրա խոսքերով, ցուցահանդեսը նպաստելու է արտերկրում նոր գործընկերներ գտնելու գործին, հայրենական արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրների լուծմանը: Expo-ին մասնակցում են նաեւ հյուրեր Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից: Նա նշեց, որ ցուցահանդեսը հեռարձկվում է համացանցով օն-լայն ռեժիմով: Իսկ հոկտեմբերի 24-ին կայանալու է բիզնես-համաժողով՝ Expo-ին մասնակող 15 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջեց գրեթե բոլոր ցուցանմուշներով եւ ուշադիր ծանոթացավ ներկայացված ապրանքների եւ ծառայությունների հետ: Մինչ ցուցահանդեսի բացումը Տիգրան Սարգսյանը ՄՀՀ բակում անձամբ վարեց ներկայացված տրակտորը: Սակայն, վարչապետի հատուկ ուշադրությանն արժանացան հայրենական արտադրության վարտիքները, որ արտադրում է «Իվ Մարտին» ընկերությունը Գյումրիում, ապա արտահանում է Կանադա, որտեղ դրանք վաճառվում են ամենախոշոր խանութներում: Այդ կապակցությամբ վարչապետը հետաքրքրվեց՝ մոդայիկ են արդյո՞Ք այդ վարտիքները Կանադայում եւ դրական պատասխան ստացավ: Այնուամենայնիվ, վարչապետը հրաժարվեց իր համար պատրաստված, ներքնաշորերի տեսքով նվերից: