Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց Երևան քաղաքի Թաիրով թիվ 14 հասցեում գտնվող գույն ամրացնել ՀՀ քննչական կոմիտեին։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևանի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող նախկին Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոցի շենքը-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող նախկին Երևանի N 81 միջնակարգ դպրոցի շենքը-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերվել են Երևանի համայնքին՝ այդ շենքերում մանկապարտեզ կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով:

Կոմիտեի և Համայնքի միջև 01.03.2018 թվականին կնքվել են նվիրաբերության պայմանագրեր:

Սակայն հետո Կոմիտե է դիմել Երևանի քաղաքապետը՝ տեղեկացնելով, որ որոշման ընդունումից մինչ օրս նվիրաբերված գույքը դեռևս Որոշմամբ նախատեսված պայմաններով նպատակային նշանակությամբ չի օգտագործվել և Երևան համայնքի կողմից չի նախատեսվում դրանք ըստ նպատակային նշանակության օգտագործել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նշված տարածքներում բնակությունը սակավ է և նոր մանակապարտեզներ հիմնելու անհրաժեշտություն չկա:

Կոմիտե է դիմել նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկման տարբերությամբ պայմանավորված՝ առաջիկայում նախատեսվում է ՀՀ քննչական կոմիտեի գործառույթների, կառուցվածքի և աշխատակիցների թվաքանակի էական ընդլայնում, որով պայմանավորված՝ հրատապ անհրաժեշտություն է առաջանում համակարգն ապահովել նաև նոր շենքային պայմաններով և համապատասխան աշխատանքային հնարավորություններով՝ միաժամանակ խնդրելով Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող շենքը տրամադրել ՀՀ քննչական կոմիտեին։