Վանաձորում 2021 թվականին կինը հաղորդում է ներկայացրել իրավապահներին այն մասին, թե ամուսինն իր նկատմամբ բռնություն է գործադրել։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գործն արդեն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։
NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Մ.Մ.-ի փաստաբան Աննա Թամազյանը պնդում է, որ կնոջ կողմից նման հաղորդում ներկայացնելու նպատակն ամուսնու բնակարանին տիրանալն է։
«Կինը ցանկանում է ամեն կերպ վերցնի այդ բնակարանը: Նա այնպես է անում, որ իմ պաշտպանյալն ինչ-որ հանցանք կատարի, որպեսզի ամբողջ գույքն իրացնի իրեն: Հիմա իմ պաշտպանյալը չի կարողանում իր բնակարան գնալ»,- պատմեց փաստաբանը։
Ըստ փաստաբանի՝ ներկայացված այդ հաղորդումը կեղծ է։
Աննա Թամազյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին.
«Նա հիմա գտնվում է փողոցներում: Այդ օրերին ոստիկանները ժամը 8-ին գալիս են իմ պաշտպանյալի բնակարան, դուռը բացում է նրա անչափահաս երեխան, ներխուժում են բնակարան եւ պաշտպանյալիս ասում, թե ահազանգ են ստացել, որ նա իր կնոջը հարվածել է: Բայց նման բան չկա: Այսինքն՝ կինը ամեն կերպ սադրում է»։
Փաստաբանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում ոստիկանները ապօրինություններ են թույլ տվել, ինչի վերաբերյալ ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել.
«Ոստիկանության կողմից տեղի ունեցող ապօրինությունները մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել: ՀՔԾ հաղորդում տրվել է ներքին քննություն անցկացնելու համար: Մեր ձեռքի տակ կան շատ տեսանյութեր այն մասին, թե ինչպես են օրինակ՝ ոստիկաններն իմ պաշտպանյալի ձեռքից վերցնում համակարգիչը հենց իր տան մեջ: Պատճառն էլ այն է, որ իմ պաշտպանյալի կինը ոստիկաններին տեղեկություն է տրամադել: Ասվում է, որ այնտեղ կան տեսսանյութ, որտեղ իմ պաշտպանյալը խոսքեր է ասում, որ նա իբր արատավորում է ոստիկանների բարի համբավը»։





























