Ստեփանակերտի Խաղաղության տանը «Youth in Politics» նախագծի իրականացման շրջանակներում «Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ դրանց ազդեցությունը ադրբեջանա-ղարաբաղյան հիմնահարցի վրա» թեմայով քննարկումներ են կազմակերպվել։ Քննարկման 26 մասնակիցներ, որոնց շարքում եղել են նաեւ ԼՂՀ քաղաքական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչներ, ուսանողներ, բուհերի դասախոսներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները։
Մասնակիցները խոսել են հայ-թուրքական արձանագրությունների ինչպես դրական, այնպես էլ բացասական կետերի, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ։ Քննարկման մասնակիցների կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների բացասական հետեւանքներ են.
- միջազգային հանրության ճնշման նվազեցումը Թուրքիայի վրա՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ,
- Թուրքիայի եւ միջազգային հանրության՝ ԼՂ պատկանող տարածքներն ազատելու պահանջով պայմանավորված պատերազմի վերսկսման հնարավորություն, Ռուսաստանի դերակատարության մեծացում, որն, ի վերջո, կարող է իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն,
- հայ ժողովրդի ազգային-բարոյական կամուրջների պայթեցում եւ հայության միասնականությանը սպառնացող վտանգներ,
- Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի կողմից գրավելը, ինչի արդյունքում Հայաստանը կկորցնի իր տնտեսական անկախությունը,
- Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վատացում, քանի որ արձանագրությունները ենթադրում են Հայաստանի կախվածության նվազեցում Իրանից,
- Թուրքիան սահմանների փակմամբ միշտ կարող է շանտաժի ենթարկել Հայաստանին եւ պահանջել իրեն ձեռնտու քաղաքականություն վարել, այդ թվում՝ ղարաբաղյան հարցով։
Քննարկման մասնակիցները դրական կետերի շարքում հետեւյալն են թվարկել՝
- հայ-թուրքական սահմանի բացում,
- հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ Արեւմուտքի եւ ԶԼՄ-ների հետաքրքրության մեծացում, ինչը անմիջականորեն բարձրացնում է Հայոց ցեղասպանության եւ ղարաբաղյան խնդիրների քարոզչության հնարավորությունը Հայաստանի տնտեսական զարգացում, ինչը նվազեցնում է պատերազմ առաջանալու ռիսկերը,
— որպես Հայաստանի եւ ԼՂ հիմնական տարանցիկ երկիր՝ Վրաստանի դերի նվազեցում ,
- Հարավային Կովկասում Հայաստանի հզորության ուժեղացում եւ տարածաշրջանում նրա գլխավոր դերակատարի դերի ստանձնում,
- Հարավային Կովկասում, որպես առաջնորդ՝ Ադրբեջանի տնտեսական դերի նվազեցում
- ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության հետաքրքրության բարձրացման հնարավորություն։
Քննարկման մասնակիցները համաձայն են եղել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը չպետք է տեղի ունենա Ադրբեջանի եւ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արդար որոշում կայացնելու կորստի հաշվին։ Ստորագրված արձանագրությունների բացասական հետեւանքները կանխարգելելու համար քննարկման մասնակիցները առաջարկել են մշակել ամբողջ հայության վարքի ազգային ռազմավարություն։




























