Հայաստանի խորհրդարանը չպետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ գործընթացի երկու կողմերն էլ տարաձայնություններ ունեն դրանց բովանդակության վերաբերյալ: Ինչպես հոկտեմբերի 23-ին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, ակնհայտ է, որ հայկական կողմը հայտարարում է, թե Ցեղասպանության հարցը չի քննարկվելու, իսկ թուրքական կողմն՝ ընդհակառակը, պնդում է, որ արձանագրություններով նախատեսված ենթահանձնաժողովը նպատակ ունի համատեղ քննարկել այդ հարցը:

Մանոյանը, միեւնույն ժամանակ, վստահ է, որ Թուրքիան ինքը չի վավերացնի արձանագրությունները մոտ ապագայում՝ պարբերաբար նոր խաբեությունների դիմելով: «Նույնը տեղի ունեցավ նաեւ արձանագրությունների հրապարակման հետ: Այդ արձանագրությունները պատրաստ էին, սակայն ինչ-որ տեղ էին շպրտել ապրիլի 22-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Եւ միայն, երբ Թուրքիան հայտնեց օրը, դրանք հրապարակվեցին»,- նկատեց նա՝ հավելելով, որ Անկարային պետք է պարբերաբար ակտիվություն ցուցադրել հայ-թուրքական գործընթացում:

Միեւնույն ժամանակ Մանոյանը չբացառեց Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման հնարավորությունը, եթե մինչ այդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություն ձեռք բերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ":