2020 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու և քաղաքական խնդիրները լուծելու նպատակով ՀՀ կառավարությունը շարունակաբար ավելացրել է Հայաստանի պետական պարտքը, որը հասել է  9,97 մլրդ դոլարի։ Դոլարային արտահայտությամբ պետական պարտքի աճը պայմանավորված է նաև վերջին ամիսների ընթացքում դրամի արժևորմամբ, այսինքն՝ դրամով վերցված պարտքը դոլարային արտահայտությամբ ավելի մեծ թիվ է կազմել։

Գործնականում խնդիրը ոչ այնքան պարտքի ծավալի մեջ է, որքան դրա ծախսման արդյունավետության, որը խիստ մտահոգիչ է։ Մասնավորապես՝ միայն 2021 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 1,3 մլրդ դոլարով կամ 16 տոկոսով, այն դեպքում, երբ Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով։ Այսինքն՝ կտրուկ աճ է գրանցել պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը՝ ի վնաս ՀՆԱ-ի։ 

Փաստացի գործող իշխանությունների կառավարման 4 տարիների ընթացքում (2018 թվականի ապրիլից ի վեր) Հայաստանի պետական պարտքն ավելացել է 3,1 մլրդ դոլարով կամ 45,2 տոկոսով։

Միայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական պարտքը ավելացել է 748,36 մլն դոլարով կամ 8,1 տոկոսով։ Ուշագրավ է, որ պետական պարտքի ավելացումն իրականացվել է ներքին պարտքի աճի հաշվին։ Մասնավորապես՝ 2022 թվականի 7 ամիսների ընթացքումներքին պարտքն ավելացել է219,4 մլրդ դրամով կամ18,4 տոկոսով, իսկ արտաքին պարտքը նվազել է 336,7 մլն դոլարով կամ 5,4 տոկոսով։ Միաժամանակ հարկ է հիշեցնել, որ ներքին պարտքին սպասարկումը պետական բյուջեի համար ավելի ծախսատար է, քան արտաքինը, քանի որ պետական պարտատոմսերի համար վճարվող տոկոսադրույքները հիմնականում գերազանցում են 10 տոկոսը։ Ներքին պարտքի երկնիշ աճը տեղի է ունեցել պետական գանձապետական պարտատոմսերի(դրամային) թողարկման և տեղաբաշխման արդյունքում։ Մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսին 2 աճուրդների միջոցով տեղաբաշխվել են շուրջ 39 մլրդ դրամի պետական պարտատոմսեր։

Արդյունքում ստացվում է, որ 2022 թվականին Հայաստանի արտաքին պարտքը նվազել է, իսկ ներքինը՝ աճել, ինչի հետևանքով փոփոխվել են երկրիպետական պարտքի կազմն ու կառուցվածքը, մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսին Հայաստանի պետական պարտքի 58,6 տոկոսը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 41,4 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականիդեկտեմբերին Հայաստանի պետական պարտքի 66,9 տոկոսը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 33,1 տոկոսը։ Այսինքն՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տեղի է ունեցել պետական պարտքի կառուցվածքի կտրուկ փոփոխություն:

Այլ հավասար պայմաններում ներքին պարտքի աճն իր բացասական ազդեցությունն է թողնում երկրի ներդրումների ծավալի վրա, քանի որ պետությունը, ներքին շուկայից բարձր տոկոսներով հավաքելով գումարները, ապախթանում է տնտեսական ակտիվությունը։ Փաստացի ստացվում է, որ փող ունեցողին ձեռնտու է պետությանը պարտքով փող տալըև գրեթե առանց ռիսկի՝ ունենալ 10 տոկոս շահութաբերություն, քան թե դա ներդնել տնտեսական ռիսկային նախագծերում։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ պետական պարտքի սպասարկման համար տրամադրվող գումարներն ավելի են մեծանալու հաջորդ տարիների ընթացքում, ինչը պարտադրում է վերանայել Հայաստանի ֆինանսավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը։

Արամ Աճեմյան