Ոչ մի նմանություն չկա Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի հակամարտության միջեւ: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Թինա Քեյդենաուն՝ Ադրբեջանում Հելսինկյան քաղաքացիական կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւի հետ հանդիպմանը:

Քեյդենաուն Բաքվում կայացած այսօրվա հանդիպմանը հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ղարբաղյան հակամարտության , հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Ադրբեջանում խոսքի ու մամուլի ազատության հարցերը, ինչպես նաեւ երիտասարդության, փախստականների եւ այլ խնդիրներ:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Քեյդենաուն արդեն այցելել է Հայաստան (հոկտեմբերի 20-21-ին) եւ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, ԱԳՆ ղեկավարի եւ այլ պաշտոնյաների հետ: Երեւանից ամերիկյան դիվանագետն ուղեւորվել է Թբիլիսի, իսկ նախօրեին երեկոյան՝ ժամանել Բաքու, որտեղ արդեն հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի եւ արտգործնախարարի հետ: