Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից ընկել եւ մահացել է «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ռավիլ Մագանովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։ ՌԲԿ-ն եւս հայտնել է թոփ-մենեջերի մահվան մասին՝ վկայակոչելով աղբյուրները, այդ մասին գրել են նաեւ Mash եւ 112 տելեգրամյան ալիքները:
«Այսօր առավոտյան Մագանովն ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։ Ստացած վնասվածքներից նա մահացել է»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը։ Ավելի ուշ ՌԲԿ-ի հետ զրույցում կենտրոնական կլինիկական հիվանդանոցից հաստատել են մահվան մասին տեղեկությունը։ «Մենք հաստատում ենք մահվան փաստը։ Տեղում աշխատում են իրավապահ մարմինները»,- հրապարակմանը հայտնել են նախագահի աշխատակազմի նախագծային կենտրոնական բյուրոյի մամուլի ծառայությունից։ ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ Մագանովն առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ընկել է վեցերորդ հարկի պատուհանից։
Մագանովն ավարտել է Մոսկվայի նավթաքիմիական եւ գազային արդյունաբերության ինստիտուտը։ Կարիերայի սկզբում նա աշխատել է որպես գլխավոր ինժեներ «Լանգեպասնեֆտգազ»-ում։ Ավելի ուշ նա հասել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնին։ «Լուկօյլ»-ին նա միացել էր 1993-ին՝ որպես նավթի արտադրության գծով փոխնախագահ: Մեկ տարի անց նա հետախուզման եւ արդյունահանման գծով առաջին փոխնախագահ էր նշանակվել։ 2020 թ. հունիսին նա ընկերության տնօրենների խորհրդի նախագահ էր դարձել։




























