Սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում կանցկացվի Buissup Global Forum 2022-ը, որը կազմակերպում է Հայ գործարարների ասոցիացիան։ Ֆորումին կմասնակցեն երիտասարդ, սկսնակ գործարարներ, որոնք ներկայացրել են նորարարական բիզնես նախագծեր։ Այդ ստարտափերից լավագույնները կստանան ներդրումներ հետագա զարգացման համար։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։

Ըստ նրա՝ Buissup Global Forum-ին մասնակցելու համար ստացվել է 300 հայտ, որոնցից Հայ գործարարների ասոցիացիայի փորձագիտական խումբն ընտրել է 50 նախագիծ՝ 200 մասնակցով։ Ընտրության ժամանակ հաշվի է առնվել ծրագրի նորարարությունը և զուտ հայաստանյան ծագումը։

«Սա մի յուրօրինակ հարթակ է, որտեղ յոթ օրերի ընթացքում ինտենսիվ բիզնես  դասախոսություններ են անցկացվում սկսնակ բիզնեսմենների համար։ Երկու հարյուր մասնակից յոթ օրերի ընթացքում կստանան բիզնես գիտելիքներ տարբեր ոլորտներում՝ մարկետինգի, ֆինանսների, ծրագրի մոդելավորման և այլն, ինչպես նաև կսովորեն, թե ինչպես փիչինգի ժամանակ գրագետ և ճիշտ ներկայանալ նեդրողին»,- ասաց Գոհար Ղումաշյանը։

Ինչպես նշեց բանախոսը, մեկ տարի առաջ Հայ գործարարների ասոցիացիան և «Տաշիր» ընկերությունների խումբը համատեղ նախաձեռնել են Buissup ծրագիրը, որը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը Հայաստանում։ Ծրագրի շրջանակում անցյալ տարի կայացել է առաջին Buissup Global Forum-2021-ը, այս տարվա ընթացքում անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ հունիսին կայացել է Buissup կոնֆերանսը, որը համախմբել է 1000-ից ավելի մասնակցի։ Հուլիսին Հայաստանում առաջին անգամ զուգահեռաբար 4 քաղաքում անցկացվել է Buissup հաքաթոնը։

«Այս ամենն արվում է սկսնակ և երիտասարդ գործարարներին տեղեկացնելու համար, որ բիզնես անելը Հայաստանում հնարավոր է, և յուրաքանչյուր խելամիտ և նորարարական բիզնես ծրագիր Հայ գործարարների ասոցիացիային դիմելու և հաղթելու դեպքում ներդրումներ ներգրավելու հնարավորություն ունի»,- ասաց նա։

Գոհար Ղումաշյանը նշեց, որ Buissup Global Forum-ը տարբերվում է մյուս գործարար համաժողովներից․ սկսնակների հետ մեկ շաբաթ աշխատում են հմուտ մենթորներ, որոնք հղկում և կատարելագործում են ներկայացված նախագծերը, որից հետո ժյուրին ընտրում է հաղթողներին։ Ընդորում, հաղթող նախագծերի քանակի և ֆինանսավորման սահմանափակում չկա։

«Մենք գրագետ և տարանջատած ֆինանսական պլան ենք պահանջում բոլոր մասնակիցներից, օգնում ենք հղկել այդ պլանը և ներդրումներն իրականացվում են ըստ այդ պլանի։ Անցյալ տարվա ներդրումային պորտֆելը կազմել է 1.5 միլիոն դոլար, այս տարի մենք պատրաստ են ընդլայնել այդ պորտֆելը»,- նշեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենը։

Buissup Global Forum-ի հաղթող նախագծերն այնուհետև ներկայացվում են Հայ գործարարների ասոցիացիայի ամենախոշոր տարեկան միջոցառմանը՝ Armenian Business Forum-ին, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 20-ին։ Ֆորումին սկսնակ գործարարներից բացի, որոնք անցնում են յոթնօրյա բիզնես դպրոց Դիլիջանում, կարող են մասնակցել նաև արդեն կայացած բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են ներդրումներ ներգրավել իրենց գործունեությունն ընդլայնելու համար։ Նրանց հայտերն ընդունվում են առանձին ընթացակարգով։

«Armenian Business Forum-ը մի հարթակ է, որը համախմբում է տարբեր երկրներից 400-ից ավելի հաջողակ հայ և այլազգի գործարարների, որոնց իրենց փորձով կիսվելու և գործարար նոր կապեր ստեղծելու հնարավորություն է ընձեռվում։ Այս տարի ֆորումի նպատակն է ընդգծել Հայաստանի Հանրապետության դերը եվրոպական և ասիական բիզնես համայնքների միավորման հարցում։ Մեզ համար դա շատ կարևոր նպատակ է»,- ընդգծեց Գոհար Ղումաշյանը։

«Մենք «Տաշիր» գրուպի հետ համատեղ փորձում ենք Հայաստանում նոր մշակույթ ձևավորել, որտեղ ներդրողը ոչ թե բիզնեսմեն է, որը գումար է տալիս և կորում այդ ծրագրի կյանքից, այլ  24/7 ռեժիմով անմիջական կապ է ունենում ծրագրի ամենօրյա զարգացման հետ»,- նշեց նա։

Buissup Global Forum-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանը ներկայացրեց, թե որն է մենթորների դերը ֆորումի ժամանակ։ Նա նշեց, որ ցանկացած կայացած բիզնես ծրագրի հիմքում կա երեք բաղադրիչ՝ հզոր գաղափար, կայուն թիմ, որն ունի մասնագիտական հմտություններ և պատրաստ է փոփոխությունների, և ռեսուրսներ։ Նրա խոսքով՝ ցանկացած նախագծի ներկայացման ժամանակ միշտ ինչ-որ բաղադրիչի թերություն կա, և մենթորները փորձում են շտկել այդ բացերը։ Նաև շատ կարևոր է, որ ներկայացվող բիզնես գաղափարները լինեն ոչ թե տեղային՝ հայաստանյան, այլ գլոբալ։

«Անկյունաքարային է կայացած թիմը, և մենթորների կարևոր առաքելությունը հենց թիմային աշխատանքը զարգացնելն է, որովհետև միայն թիմային աշխատանքով մասնակիցները կարող են յոթ օրվա ընթացքում շտկել իրենց նախագծերը»,- բացատրեց նա։

Նարեկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այս տարվա Buissup Global Forum-ին մենթորներն անակնկալ են պատրաստել մասնակիցների համար։ Նրանք ոչ միայն առանձին կստանան յուրաքանչյուր մենթորի կարծիքը որևէ խնդրի մասին, այլև հնարավորություն կունենան ունկնդրել մենթորների բանավեճը տվյալ խնդրի շուրջ։

Ասուլիսին ներկա էին նաև Buissup Global Forum-2021-ի հաղթողներ Text`nPayMe նախագծի համահիմնադիր Արթուր Կարապետյանը, Medu.am բժշկական հարթակի համահիմնադիր Գևորգ Գրիգորյանը և QaylTech ընկերության տնօրեն Լիլիթ Գուրօղլյանը, որոնք ներկայացրին, թե ինչ հնարավորություններ է իրենց ընձեռել Buissup Global Forum-ը։