Բրազիլացի ձկնորսը հրաշքով ողջ է մնացել՝ վխտացող շնաձկներով ջրերում 11 օր անցկացնելուց հետո, երբ նրա նավը խորտակվել է։
Ռոմուալդո Մակեդո Ռոդրիգեսի նավը սկսել է խորտակվել Ատլանտյան օվկիանոսում՝ հյուսիսային Բրազիլիայի ափերի մոտ։
Ինչպես հայտնում է CNN-ը, նա մտել է հսկայական սառցախցիկի մեջ եւ այնտեղ անցկացրել 11 օր, մինչեւ նրան Սուրինամի ափերի մոտ մեկ այլ նավ է վերցրել:
«Ես հուսահատության մեջ էի»,- ասել է Ռոդրիգեսը Record TV-ին։ «Կարծում էի, որ վերջս մոտ է։ Բայց Աստված ինձ եւս մեկ հնարավորություն տվեց»:
Նրա խոսքով, շնաձկները պտտվել են սառցախցիկի շուրջը, բայց չեն հարձակվել, եւ ամեն անգամ, երբ սառցախցիկը լցվել է, նա ստիպված է եղել ձեռքերով ջուրը թափել։
Երբ նրա գոյության պայքարը սկսել է մարել, հայտնվել է փրկարար նավը։





























