Օգոստոսը Չինաստանի ամենաշոգ ամիսն է եղել՝ դիտարկումների գրանցման սկզբից՝ անսովոր ուժեղ ամառային շոգից հետո, որը չորացրել է գետերը, այրել բերքը եւ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դարձել:

Անցյալ ամիս Չինաստանի հարավը ուժասպառ էր լինում այն բանից, ինչը փորձագետների կարծիքով՝ կարող է դառնալ համաշխարհային պատմության ամենաուժեղ շոգերից մեկը, իսկ Սիչուանի որոշ հատվածներում եւ Չունցինի տարածքում մի քանի օրվա ընթացքում ջերմաստիճանը գերազանցել է 40-ը՝ ըստ Ցելսիուսի։

Օգոստոսին երկրում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 22,4՝ նորման գերազանցելով 1,2 աստիճանով, հաղորդում է պետական CCTV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի օդերեւութաբանական ծառայությանը։

Մոտ 267 օդերեւութաբանական կայաններ ողջ երկրում սահմանել են ջերմաստիճանի նոր ռեկորդներ կամ գերազանցել են դրանք անցյալ ամիս, ասվում է զեկույցում:

Սա նաեւ երրորդ ամենաչոր օգոստոսն է եղել Չինաստանում, երբ տեղումների քանակը միջինից 23,1 տոկոսով ցածր է եղել:

Գիտնականներն ասում են, որ եղանակային արտակարգ իրադարձությունները, ինչպիսիք են ջերմային ալիքները, երաշտները եւ անսպասելի ջրհեղեղները, դառնում են ավելի հաճախակի եւ ինտենսիվ՝ կլիմայի մարդածին փոփոխությունների պատճառով:

Անցյալ ամիս ջերմաստիճանը հասել է 45-ի՝ ըստ Ցելսիուսի, ինչի պատճառով Չինաստանի մի քանի նահանգներում հոսանքազրկումներ են եղել, քանի որ քաղաքները պայքարել են էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի դեմ՝ մասամբ կապված օդորակիչներ միացնելու հետ։