Կլիմայի փոփոխությունը կարող է կործանարար լինել միլիոնավոր մարդկանց կյանքի համար Միջերկրական ծովի արեւելքում եւ Մերձավոր Արեւելքում, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է գրեթե երկու անգամ ավելի արագ, քան աշխարհում միջին ցուցանիշն է, հայտնում է Reuters-ը։
Կիպրոսի ինստիտուտի կողմից պատրաստված զեկույցում ասվում է, որ մինչեւ դարի ավարտը տարածաշրջանում սովորական սցենարով կարող է ըստ Ցելսիուսի մինչեւ 5 աստիճան կամ ավելի ընդհանուր տաքացում լինել:
Ջերմաստիճանի այս աճը գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան սպասվում էր մոլորակի այլ տարածքներում, եւ ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ բնակելի մասում:
Զեկույցը, որը պատրաստվել է Մաքս Պլանկի քիմիայի ինստիտուտի եւ Կիպրոսի ինստիտուտի կլիմայի եւ մթնոլորտային հետազոտությունների կենտրոնի հովանու ներքո, կներկայացվի նոյեմբերին Եգիպտոսում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում (COP27):
Փորձագետներից մեկի խոսքով՝ տեղումների քանակի նվազումը եւ եղանակի տաքացման համադրությունը կնպաստի սաստիկ երաշտի առաջացմանը՝ վտանգի տակ դնելով ջրային եւ պարենային անվտանգությունը, իսկ շատ երկրներ պատրաստ չեն ծովի մակարդակի բարձրացմանը:
Փարիզյան համաձայնագրի հիմնական նպատակներին հասնելը կարող է կայունացնել ջերմաստիճանի տարեկան աճը մինչեւ 2 աստիճան:





























