Կենդանիների իրավունքների պաշտպանները ողջունել են հսկա նավի որոշումը՝ շեղել ճանապարհը Շրի Լանկայի ջրերում՝ աշխարհի ամենամեծ կաթնասունների՝ կապույտ կետերի հետ բախումից խուսափելու համար, փոխանցում է AFP-ն:

Կղզու հարավային ափը IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակում անհետացման վտանգի տակ գտնվող կապույտ կետերի անսովոր բարձր խտություն ունի եւ միջազգային նավագնացության ամենածանրաբեռնված ուղիներից մեկն է աշխարհում:

Ակտիվիստները կարծում են, որ վերջին տասնամյակում առեւտրային նավերի հետ բախումների ժամանակ ավելի քան մեկ տասնյակ հսկա կենդանիներ են սատկել, որոնք ամենամեծն են Երկրի վրա երբեւէ ապրածներից եւ մինչեւ 30 մետր երկարություն ու 150 տոննա քաշ ունեն։

Միջազգային ակտիվիստները եւ տեղացի բնապահպանները տարիներ շարունակ պահանջում էին, որպեսզի իշխանությունները նավային ուղիներն ափից 15 ծովային մղոն դեպի արեւմուտք տեղափոխեն:

Ժնեւում գտնվող Միջերկրական ծովային բեռնափոխադրող ընկերությունը (MSC)՝ աշխարհի խոշորագույն կոնտեյներային փոխադրողներից մեկը, հայտարարել է, որ կամավոր կերպով հարմարեցրել է իր երթուղիները Շրի Լանկայի շուրջ այդ հեռավորությամբ՝ կետերի, դելֆինների եւ ծովախոզուկների հետ կապված վթարների վտանգը նվազեցնելու համար։ Այդ քայլը կարող է մինչեւ 95 տոկոս նվազեցնել բախման վտանգը, նշել են ընկերությունում:

Նա նաեւ հրամայել է իր փոքր նավերին այդ տարածքում դանդաղեցնել արագությունը մինչեւ 10 հանգույց կապույտ կետերի բնակության մասերում։

Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը ողջունել է հայտարարությունը` այն լավ նորություն անվանելով ինչպես կապույտ կետերի, այնպես էլ մարդկանց համար: