Լեզվով եւ մշակույթով, իսկ վերջերս նաեւ գազով եւ նավթով իրար կապված Թուրքիան եւ Ադրբեջանը հաճախ բարձրաձայնում են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի մասին, The Christian Science Monitor-ի էջերում գրում է լրագրող Հիգալ Շլիֆերը։ Նա ասում է, «որ վերոնշյալ կարգախոսն, այդուհանդերձ, փորձություն է անցնում՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հոկտեմբերի 10-ին կնքված արձանագրությունները»։

Ադրբեջանը հակադրվում է, քանի որ ձգտում է այն բանին, որ օրակարգ բերի ղարաբաղյան հարցը։ Անկարայի եւ Բաքվի միջեւ լարվածությունը մեծանում է, քանի որ Ադրբեջանը կարող է հրաժավել Թուրքիայի հետ ձեռք բերված էներգետիկ համաձայնություններից։ Դա, մասնավորապես, վերաբերում է Nabucco-ի գազային ծրագրին, որը նպատակ ունի Եվրոպան ազատել Ռուսաստանից գազային կախվածությունից։ Այն դեպքում, երբ Թուրքիան փորձում է վերացնել հարեւանի հետ ունեցած պատմական խնդիրը, Եվրոպայի համար որոշակի հետեւանքներով պատմական մեկ այլ խնդիր է ծագում եւս մեկ հարեւանի հետ,- նշում է թերթը։

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովն այս առիթով ասում է, որ «եթե Nabucco-ով հետաքրքրված երկու երկրներն էլ ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ այն առումով, որ նա ազատի „բռնազավթած“ տարածքները, ապա այս ամենն ադրբեջանա-թուրքական հարաբերություններում կհիշվի ընդամենը որպես մի փոքր դրվագ»։

Միեւնույն ժամանակ, երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն հետեւյալ կերպ է արտահայտվել. «Ադրբեջանը հայ-թուրքական սահմանի բացումն իբրեւ դավաճանություն է դիտում։ Տարածաշրջանում Թուրքիան մեր ամենամեծ գործընկերն է, այն դեպքում, երբ Հայաստանը՝ մեր գլխավոր թշնամին»։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն խոսքերի վերաբերյալ, թե Թուրքիան միշտ պաշտպանելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, Գուլուզադեն նկատել է, որ «մենք խոսքեր ենք լսում եւ այլեւս ոչինչ։ Մեզ ավելի իրական բան է պետք»։

Այդուհանդերձ, Անկարայի Մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հուսեյն Բախչին հետեւյալ կերպ է արտահայտվել. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ ղարաբաղյան հարցով բանակցությունները կարող են սկսվել միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո։ Ինչ վերաբերում է հայտնի կարգախոսին, ապա այն ազգայնական է։ Դրա մասին շատ է խոսվում, բայց բանն այն է, որ մենք երբեք մեկ ազգ չենք եղել»։