Մելբուռնի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ չվճարվող տնային աշխատանքը կապված է աշխատող կանանց ավելի վատ հոգեկան առողջության հետ, գրել է Lancet Public Health-ը։

Հեղինակներն ուսումնասիրման համար ընտրել են 14 հրապարակում։ Դրանք բոլորը նվիրված են աշխատող կանանց եւ տղամարդկանց վրա չվճարվող աշխատանքի ազդեցության ուսումնասիրմանը, ներառյալ տնային աշխատանքն ու երեխաների խնամքը։ Հետազոտություններին մասնակցել է 66 800 մարդ 35 երկրներից։

Ուսումնասիրված 14 հրապարակումներից 11-ում տեղեկացվել է, որ կանայք տառապում են դեպրեսիայի կամ հոգեբանական դիսթրեսի նկատելի ախտանշաններից՝ չվճարվող աշխատանքի պատճառով, ընդ որում՝ որքան ավելի շատ, այնքան ավելի ուժեղ է տուժել կնոջ փսիխիկան։ Նույն էֆեկտը տղամարդկանց համար հայտնաբերվել է միայն 12 հետազոտություններից 3-ում։ Ընդ որում՝ կանայք բոլոր 35 երկրներում տղամարդկանցից ավելի հաճախ են ստիպված եղել զբաղվել չվճարվող աշխատանքով՝ տանը, աշխատանքից հետո։ Կանայք նաեւ մշտապես զոհաբերել են իրենց վճարվող աշխատաժամանակը, որպեսզի կատարեն ընտանեկան պարտավորությունները։

Հեղինակների կարծիքով՝ իրական փոփոխությունների համար շտապ անհրաժեշտ են քաղաքականության էական փոփոխություններ, ինչպիսին են երեխաների համընդհանուր խնամքը եւ ճկուն աշխատանքային գրաֆիկի նորմալացումը տղամարդկանց համար։