Հինգշաբթի հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայի 96-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան մասին։ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարած միապետը թողեց ոչ միայն իր երկիրը եւ ընտանիքի անդամներին, այլեւ մի խումբ շների, գրում է CNN-ը։
Իր երկարատեւ կյանքի ընթացքում նա պարբերաբար լուսանկարվում էր ուելսցի կորգի շների հետ։ Այս ցեղատեսակի շները դարձել էին միապետի հոմանիշը:
Հաղորդվում է, որ Եղիսաբեթ թագուհին իր մահվան պահին չորս շուն է ունեցել։
Թագավորական կենսագիր եւ Majesty ամսագրի գլխավոր խմբագիր Ջո Լիթլը CNN-ին ասել է, որ կարծում է, որ շներին կխնամի թագավորական անձնակազմը։
Թագուհու սերը կորգիների նկատմամբ սկսվել է դեռեւս մանկությունից, երբ նա սիրահարվեց իր հոր՝ թագավոր Ջորջ VI-ի շանը` Դուկիին: 1944 թվականին՝ իր 18-ամյակի օրը, նրան նվիրեցին Սյուզան անունով Pembroke Welsh Corgi քոթոթ: Նա այնքան կապվեց Սյուզանի հետ, որ լուրեր էին պտտվում, որ 1947 թվականին նրան տարել է իր մեղրամիսի։ Սյուզանը սատկել է 1959 թվականին։
Իր կյանքի ընթացքում միապետը դարձել է տասնյակ կորգիների սեփականատեր։ Օրինակ, նրանցից մեկը՝ Ուիլոուն, հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի սքիթում։





























