Սպիտակ տան պաշտոնյաները մտահոգված են Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ, գրում է Washington Post-ը։
Արեւմտյան դաշնակիցները քայլեր են ձեռնարկել ռուսական նավթի գնի սահմանաչափի սահմանելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանըպատասխան քայլեր կձեռնարկի՝ դադարեցնելով գազի եւ նավթի մատակարարումները, ինչը կարող է կործանել Եվրոպայի տնտեսությունը եւ վնասել Միացյալ Նահանգներին՝ էներգակիրների համաշխարհային գների աճ առաջացնելով։
ԱՄՆ պաշտոնյաները Պուտինի ռազմատենչ հռետորաբանությունը մասամբ բլեֆ են համարում, քանի որ Ռուսաստանին էներգետիկ եկամուտներ են անհրաժեշտ՝ իր պատերազմական գործողությունների ֆինանսավորման համար, նույնիսկ՝ ավելի ցածր գներով: Սակայն նախագահ Բայդենի օգնականները վերջին օրերին վերլուծել են հեղուկ բնական գազը Եվրոպա արտահանելու ջանքերը՝ փորձելով հասկանալ՝ կարո՞ղ են արդյոք ԱՄՆ արտադրողներն ինչ-որ կերպ օգնել: Եվ թեեւ Սպիտակ տան օգնականները չեն կարծում, որ Եվրոպայում անկումն անպայման ռեցեսիա կառաջացնի ԱՄՆ-ում, ռուսական նավթի արտահանման ամբողջական դադարեցումը լրջորեն կվնասի ԱՄՆ տնտեսությանը, կարծում են տնտեսագետներն ու էներգետիկ վերլուծաբանները:
Ռուսաստանի կողմից աճող ճնշումը կարող է նոր ճնշում գործադրել ԱՄՆ-Եվրոպական դաշինքի վրա, որը պատերազմի սկզբից ի վեր զգալի տոկունություն է ցույց տվել եւ սպառնում է ջնջել Բայդենի վարչակազմի վերջին տնտեսական հաղթանակներն այս աշնանը կայանալիք միջանկյալ ընտրություններին ընդառաջ։
Ուոլ Սթրիթի որոշ տնտեսագետներ եւ վերլուծաբաններ ասում են, որ գնաճը կարող է իր գագաթնակետին հասնել հուլիս ամսվա հուսադրող դաշնային զեկույցից հետո: Վարչակազմի օգնականները, սակայն, մտահոգված են առ այն, որ իրավիճակը կարող է արագորեն կրկին վատթարանալ, եթե Պուտինը դադարեցնի նավթի եւ գազի մատակարարումները, անանունության պայմանով հայտարարել են Սպիտակ տան երկու պաշտոնյաներ:
Վերջին շաբաթներին Եվրոպայում կանխատեսումներն ապշեցուցիչ տեմպերով վատացել են։ Անցյալ շաբաթ Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրեց տոկոսադրույքները 0.75 կետով, եւ պաշտոնյաները հայտարարել են, որ այս աշնանը տնտեսության «զգալի» դանդաղում են ակնկալում: Որոշ եվրոպական կառավարություններ դիմադրել են բնական գազի գների նվազեցմանն ուղղված ջանքերին՝ վախենալով սադրել Պուտինին, եւ պարզ չէ՝ արդյո՞ք միջազգային տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կարող են դիմակայել իսկապես լուրջ էներգետիկ ճգնաժամին:
Սպիտակ տան պաշտոնյաները եւ տնտեսագետների մեծ մասը կարծում են, որ Եվրոպայում ռեցեսիայի աճող հավանականությունը դժվար թե փոխվի ներկայիս հետագծի պայմաններում: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ ֆինանսների նախարարությունը եւ Տնտեսական խորհրդատուների խորհուրդը գնահատում են, որ եվրոպական անկման ազդեցությունն ԱՄՆ-ի վրա, հավանաբար, «համեստ եւ կառավարելի» կլինի: Եվրոպայի հետ առեւտուրը կազմում է ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի 1 տոկոսից պակասը, եւ շատ տնտեսագետներ համաձայն են, որ Եվրոպայում սպառողների պահանջարկի անկումը դժվար թե էական ազդեցություն ունենա ամերիկյան ընկերությունների վրա: Ամերիկան նաեւ բավականաչափ սեփական բնական գազ է արտադրում։
Եթե Ռուսաստանը շարունակի նավթ վաճառել համաշխարհային շուկաներ եւ կրճատի գազի արտահանումը միայն Եվրոպա, ապա ազդեցությունն ԱՄՆ-ի տնտեսության վրա, ամենայն հավանականությամբ, նվազագույն կլինի: Փաստացի դա կարող է օգնել բնական գազի ամերիկյան ընկերություններին: Դա կարող է նաեւ խաթարել համաշխարհային պահանջարկը՝ հետագայում նվազեցնելով ճնշումը ներքին գների վրա։
Էներգետիկ ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ի՝ Եվրոպային օգնելու հնարավորությունները կարող են սահմանափակ լինել: Բայդենի վարչակազմն արդեն իսկ ԱՄՆ գործարաններից Եվրոպա հեղուկ բնական գազի մատակարարումների զանգվածային աճ է տեսնում, ընդ որում, ըստ վարչակազմի գնահատականների, ԱՄՆ գազի արտահանման մոտ 70 տոկոսն այժմ գնում է Եվրոպա: ԱՄՆ-ն արդեն գերազանցել է այս տարի Եվրոպա լրացուցիչ 15 միլիարդ խորանարդ մետր բնական գազ տեղափոխելու իր նպատակը։ Ըստ վարչակազմի պաշտոնյաների՝ ամերիկյան ընկերությունները մարտ ամսից 30 միլիարդ խորանարդ մետր գազ են առաքել Եվրոպա, ինչը երկու անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վերջին օրերին վարչակազմի օգնականները մտածում էին մատակարարումներն էլ ավելի մեծացնելու ուղիների մասին, քանի որ Եվրոպան կտրուկ միջոցներ է դիտարկում էներգիայի պակասի դեմ պայքարելու համար: Սակայն տերմինալների թողունակությունն ավելացնելու արագ միջոց կարծես թե չկա, որոնք օգնում են գազ տեղափոխել Ատլանտյան օվկիանոսով:
Այնուամենայնիվ, ռուսական նավթի մատակարարումների ամբողջական դադարեցումը ավելի շատ կսպառնար ԱՄՆ տնտեսությանը։ ԱՄՆ-ն ռուսական նավթի գնումների արգելքի մասին հայտարարել էր դեռ մարտին, բայց եթե նավթի համաշխարհային գները բարձրանան ռուսական արտահանման ամբողջական դադարեցման պատճառով, ամերիկացի սպառողները կզգան դա։
«Եթե Եվրոպան դեպրեսիայի մեջ ընկղմվի, երբ Ռուսաստանը դադարեցնի էներգակիրների արտահանումը, իսկ նավթի գինը հասնի 150 դոլարի բարելի դիմաց, դա հավանաբար կազդի ԱՄՆ-ի վրա, եւ դա շատ վատ կլինի»,- ասել է Դարթմութի քոլեջի տնտեսագետ Մեթյու Ջ. Սլոթերը:
Դա բավական է տնտեսագետների շրջանում մտահոգություն առաջացնելու համար, որոնց լավատեսական կանխատեսումները սիրում են մեջբերել Սպիտակ տան օգնականները։
«Ռուսաստանը կդադարեցնի նավթի արտահանումն այնքան ժամանակ, քանի դեռ գների շեմ չի սահմանվել»,- ասել է Moody's Analytics-ի տնտեսագետ Մարկ Զանդին: «Դա տնտեսությունը ռեցեսիայի կհասցնի։ Բենզինի գները կտրուկ կաճեն՝ գրեթե մեկ գիշերվա ընթացքում վերադառնալով ռեկորդային 5 դոլարի մակարդակին գալոնի դիմաց: Տնտեսությունը չի կարող մարսել գալոնի դիմաց 5 դոլարը»:
Սակայն այս պահին ֆիննախի պաշտոնյաները համոզված են, որ Պուտինն այդ սպառնալիքը կյանքի չի կոչի: Նրանք նաեւ նշում են, որ Եվրոպան նախատեսում էր ամբողջական էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա, եւ որ գների սահմանափակումը Կրեմլին հնարավորություն է տալիս շարունակել մատակարարումները համաշխարհային շուկաներ։
«Ռուսաստանը կարող է վրդովվել եւ հայտարարել, որ սահմանված գնից ցածր չի վաճառի, բայց նավթը պահելու տնտեսական կողմը պարզապես իմաստ չունի»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն:





























