Նոր Զելանդիայում մարաթոնի մասնակիցներից մեկը հեռավորությունը գարեջրի հսկա տուփի համազգեստով է հաղթահարել, հայտնում է 1News պորտալը։
Սպորտային մրցումները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Օտագոյի շրջանի Դանեդին քաղաքում։ Ուլտրամարաթոնի վազորդ Գլեն Սաթոնը միջոցառմանը ներկայացել է գարեջրի տարայի ինքնաշեն համազգեստով: Ավելի ուշ նորզելանդացին բացատրել է, որ նման տարօրինակ արտաքինով ցանկացել է ուրախացնել մարդկանց եւ աջակցել սպորտային ոլորտին՝ նրա համար մի քանի դժվար տարիներից հետո։
Մարզիկը պատմել է, որ մրցավազքի ժամանակ քամին բառացիորեն քշել է իրեն, եւ ինքն ընկել է։ Սակայն տղամարդուն, այնուամենայնիվ, հաջողվել է վեր կենալ եւ հասնել վերջնագծին։
«Ես չեմ տուժել, բայց տարան փոքր-ինչ վերանորոգման կարիք կունենա»,- ասել է Սաթոնը:
Աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի մայիսին տղամարդը չորս օր անդադար վազել է 600 կմ, որպեսզի բարեգործության համար գումար հավաքի։





























