Նախապատմական մարդու կմախք է հայտնաբերվել քարանձավային համակարգում, որը հեղեղվել էր վերջին սառցե դարաշրջանի վերջում՝ 8000 տարի առաջ, հայտնում է AP-ը:

Հնագետ Օկտավիո դել Ռիոն ասել է, որ ինքը եւ իր ընկեր սուզորդ Փիթեր Բրոգերը տեսել են փշրված գանգ եւ կմախք քարանձավում՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ Մեքսիկայի կառավարությունը նախատեսում է արագընթաց զբոսաշրջային երկաթգիծ կառուցել ջունգլիների միջով:

Հաշվի առնելով քարանձավի մուտքից հեռավորությունը՝ կմախքը չէր կարող այնտեղ հասնել առանց ժամանակակից սարքավորումների, ուստի այն պետք է լինի ավելի քան 8000 տարեկան, ասել է Դել Ռիոն՝ նկատի ունենալով այն դարաշրջանը, երբ ծովի մակարդակի բարձրացումը ողողել է քարանձավները:

Հյուսիսային Ամերիկայի ամենահին մարդկային մնացորդները հայտնաբերվել են կարստային քարանձավներում, որոնք հայտնի են որպես «սենոտներ» երկրի կարիբյան ափին, եւ փորձագետներն ասում են, որ այդ քարանձավներից որոշներին Մեքսիկայի կառավարության Maya Train զբոսաշրջային նախագիծն է սպառնում: