«Ալմաստ» գործարանը հայկական շուկայում մրցակցում է Չինաստանից ներմուծվող չմաքսազերծված ապրանքների հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գործարանի գլխավոր տնօրեն Վահրամ Թեփելիկյանը: «Եթե ամեն ինչ գտնվի օրինական դաշտում, մենք խնդիրներ չենք ունենա»,- ասաց Վ. Թեփելիկյանը: Նշենք, որ գործարանը հիմնականում արտադրում է քար, ապակի եւ մետաղական համաձուլվածք կտրող գործիքներ:
Գործարանի վարպետներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանի բազմաթիվ քարհանքերից թեկուզ կեսը քարկտրող գործիքները պատվիրի «Ալմաստում», ապա գործարանը մի քանի անգամ կավելացնի թողարկման ծավալները: Սակայն քարհանքերը հիմնականում նախընտրում են չինական գործիքները, որոնք որակապես զիջում են հայկականին, սակայն մոտ 10 տոկոսով ավելի էժան են: Իսկ էժանությունն էլ հիմնականում պայմանավորված է մաքսային վերահսկողության բացակայությամբ: «Փոխանակ այսպիսի հարցեր կարգավորեն, որպեսզի մարդիկ աշխատատեղ ունենան, ընկել են ավտոների ետեւից»,- ասաց վարպետը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գործարանի տնօրինությունը իրեն տեղեկացրել է այդ հիմնախնդրի մասին, եւ իրենք անպայման միջոցներ ձեռք կառնեն:
Երեւանի «Ալմաստ» գործարանը հիմնվել է 1964 թ.` արհեստական ալմաստափոշու եւ բնական ու ոչ մետաղական նյութերը կտրող-հղկող գործիքների արտադրության համար: Ներկայումս ալմաստափոշու արտադրությունը գրեթե կանգնեցված է, կտրող գործիքները պատրաստվում են հիմնականում Չինաստանից ներմուծվող հումքից: Գործարանն այս տարի գրեթե 2 անգամ ավելացրել է արտադրանքի թողարկումը` հիմնականում Իրանից ստացված պատվերների շնորհիվ: Գործարանի արտադրանքի 50 տոկոսը արտահանվում է, այդ թվում` Եվրոպա, ոչ մեծ խմբաքանակներով` Ռուսաստան:




























