Հորդառատ անձրեւներն առաջ են բերել տների փլուզումներ Հնդկաստանի հյուսիսային նահանգում, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Հորդառատ անձրեւն առաջ է բերել նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ, անկանոն երթեւեկություն, հարյուրավոր տներ լցվել են ջրով, տեղեկացրել է AP-ը։

Ութար-Փրադեշ նահանգի մայրաքաղաք Լաքհնաուում դպրոցները փակվել են մեկ օրով։

Հին տան տանիքն ու պատերը փլուզվել են ուրբաթ վաղ առավոտյան, Հազրաթգանջ շրջանում։ Ինը մարդ զոհվել է տեղում, եւս երեքը հոսպիտալացվել է։

Լաքհնաուից 40 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնվող Ունաո քաղաքում եւս երեք մարդ զոհվել է տան փլուզման հետեւանքով։

Մուսոնային անձրեւները Հարավային Ասիայում սովորաբար սկսվում են հունիսին։ Բայց այս տարի ուժեղ անձրեւները Հնդկաստանի հյուսիս-արեւելքում եւ Բանգլադեշում սկսվել են մարտից՝ առաջ բերելով հեղեղումներ Բանգլադեշում արդեն ապրիլին։

Անձրեւների սեզոնը, որն ավարտվում է հոկտեմբերին, ամեն տարի հանգեցնում է հարյուրավոր զոհերի, տասնյակ հազարավոր մարդիկ մնում են անօթեւան։

Հնդկական ենթամայրցամաքի եղանակային համակարգը փոխվում է կլիմայի փոփոխության պատճառով։ Գիտնականները նշել են, որ դրա պատճառով ավելանում են էքստրեմալ երեւույթները, ինչպիսին են առատ տեղումները, որոնք նորմ են դառնում։