Բրիտանացիներին կրկին զգուշացրել են «շատ, շատ ցուրտ ձմռան» դեպքում էլեկտրաէներգիայի որոշակի անջատումների մասին։ Բրիտանական National Grid օպերատորի ղեկավար Ջոն Պետիգրյուն տնային տնտեսություններին նախազգուշացրել է, որ էլեկտրաէներգիայի անջատումները կարող են իրականացվել ժամը 16։00-ից մինչեւ 19։00-ը «շատ, շատ ցուրտ» ձմեռային աշխատանքային օրերին, եթե Եվրոպան կրճատի գազի արտահանումը:
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիան եւ գազը կարող են անջատվել «հունվարի եւ փետրվարի ամենախորը եւ մութ երեկոներին», եթե Եվրոպայից էներգիայի մատակարարումները բավարար չլինեն։
Պետիգրյուի մեկնաբանությունները, որոնք արվել են Financial Times-ի գագաթաժողովում, հնչել են այն բանից հետո, երբ National Grid-ը նախկինում ներկայացրել էր մի քանի «անհավանական» սցենարներ, որոնց դեպքում մատակարարումները Մեծ Բրիտանիայում կսպառվեն:
Նրա խոսքով՝ National Grid-ը չի փոխել իր «բազային տարբերակը», որ այս ձմռանը բավարար գազ եւ էլեկտրաէներգիա կլինի՝ Մեծ Բրիտանիայի պահանջարկը բավարարելու համար։
Մեծ Բրիտանիան կախված չէ Ռուսաստանից գազի մատակարարումներից, բայց սովորաբար օգտագործում է Եվրոպայից մատակարարումները՝ ամենացուրտ ամիսներին իր էլեկտրակայանների աշխատանքն ապահովելու համար:
Պետիգրյուն ասել է, որ հունվարն ու փետրվարն այն ամիսներն են, երբ էլեկտրաէներգիայի անջատումները առավել հավանական են, հատկապես ցուրտ ժամանակահատվածներում: Նա նշել է, որ իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, եթե քամու արագությունը ցածր լինի, ինչը կնվազեցնի էներգատուրբինների արդյունավետությունը, իսկ էներգակիրների ներմուծումը կսահմանափակվի։ «Վատագույն դեպքում» էլեկտրաէներգիան երկրի որոշ մասերում կանջատվի մինչեւ երեք ժամով՝ «հավանաբար 16.00-ից մինչեւ 19.00-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային օրերին, երբ հունվարին եւ փետրվարին շատ, շատ ցուրտ է», ասել է Պետիգրյուն։





























