Ուկրաինայի Զինված ուժերը փորձել են դեսանտ իջեցնել Էներգոդարում՝ նպատակ ունենալով գրավել Զապորոժիեի ԱԷԿ-ը, մարտը տեւել է մի քանի ժամ, գրոհը հետ է մղվել, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի մարզային գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել անցած գիշեր։
«Զապորոժիե քաղաքի հարավային շրջանից եւ այլ ուղղություններից դուրս է եկել դեսանտային նավակների մի մեծ խումբ՝ հատուկ գործողությունների ուժերի գրոհայիններով լցված։ Նրանց հետ էր նաեւ մի մեծ, բեռնավորված նավ։ Քաղաքի գնդակոծությունից հետո սկսվել է դեսանտի իջեցման փորձը, այդ թվում Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավելու նպատակով»,- տեղեկացրել է Ռոգովը։
Նա նշել է, որ մարտը տեւել է 3-3,5 ժամ, դեսանտի իջեցման փորձը ձախողվել է։
Ռոգովն ավելացրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի գործողությանը մասնակցել է մոտ 30 դեսանտային նավակ։




























