ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ մնացյալ աշխարհի «ջունգլիով» շրջապատված «արտոնյալ» Եվրոպա-«այգու» մասին իր արտահայտությունը կտրել են համատեքստից եւ ճիշտ չեն հասկացել։

Հոկտեմբերի 13-ին բելգիական Բրյուգեում ելույթ ունենալով Եվրոպական դիվանագիտական ակադեմիայի բացման ժամանակ՝ Բորելն այսպիսի միտք էր արտահայտել, թե «արտոնյալ» Եվրոպան «այգի» է, իսկ նրան շրջապատող աշխարհը՝ «ջունգլի», որը կարող է կոպիտ կերպով մխրճվել լավ դասավորված եւ հիանալի աշխատող եվրոպական մեխանիզմի մեջ։ Բորելի այս խոսքերն առաջ են բերել եվրոպական եւ միջազգային հանրույթների ոչ միանշանակ արձագանքը եւ ստիպել ԵՄ արտաքին քաղաքական ծառայությանը եւ Եվրոպայի գլխավոր դիիվանագետին արդարանալ։

«Ոմանք ճիշտ չեն մեկնաբանել այս այլաբանությունը՝ այն համարելով գաղութատիրական եվրակենտրոնություն։ Ես ցավում եմ, եթե ինչ-որ մեկն իրեն վիրավորված է զգացել»,- գրել է Բորելն իր բլոգում։

Եվրադիվանագիության ղեկավարն ընդգծել է, որ, ընդհակառակը, «Եվրոպան՝ որպես մնացյալ աշխարհից պատնեշված ամրոց» գաղափարի հակառակորդն է եւ մնացյալ աշխարհի հետ ավելի խոր փոխգործակցության, մասնավորապես՝ գլոբալ Հարավի հետ համագործակցության զարգացման  կողմնակիցը։