2022թ. ֆինանսական տարվա, որն սկսվել է ապրիլի 1-ին, առաջին կիսամյակի տվյալներով՝ առեւտրային դեֆիցիտը Ճապոնիայում դարձել է ռեկորդային եւ հասել 11 տրլն իենի կամ մոտ 73,37 մլրդ դոլարի։ Այս ցուցանիշը ամենամեծն է՝ 1979-ից ի վեր, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ճապոնիայի ներմուծման ծավալը ավելացել է 44,5 տոկոսով՝ 60,58 տրլն իեն (404,09 մլրդ դոլար)։ Այդ նույն ժամանակամիջոցում արտահանումը բարձրացել է ընդամենը 19,6 տոկոսով՝ 49,58 տրլն իեն (330,72 մլրդ դոլար)»,- նշվել է հրապարակման մեջ։

Նման բացասական առեւտրային հաշվեկշիռ երկրում գրանցվել է 2013թ. ֆինանսական տարվա երկրորդ կիսամյակի արդյունքներով։ Բայց այն ժամանակ ներմուծման եւ արտահանման տարբերությունն այսքան զգալի չէր։ Այն ժամանակ տարբերությունը կազմել էր 8,76 տրլն իեն կամ 58,43 մլրդ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով։

Ճապոնիայում այս դինամիկան ընթացիկ ֆինանսական տարում պայմանավորված էր էներգետիկ ճգնաժամի խորացմամբ եւ էներգակիրների գների բարձրացմամբ։ Իրավիճակի վրա ազդել է նաեւ ազգային արժույթի փոխարժեքի անկումը, որը 32 տարվա մեջ հասել է նվազագույն մեծության։