Գործարար Իլոն Մասկը պոտենցիալ ներդրողներին ասել է, որ նախատեսում է մոտ 75 տոկոսով կրճատել Թվիթերի աշխատակիցներին, եթե գնի ընկերությունը։ Այս մասին հինգշաբթի գրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին եւ կորպորատիվ փաստաթղթերին։

Թերթի տվյալներով՝ խոսքը ներկայիս 7,5 հազար մարդկանցից բաղկացած հաստիքները կրճատելու եւ 2 հազարից մի փոքր ավելիի հասցնելու մասին է։

Ընդ որում, ինչպես նշել է պարբերականը, անգամ եթե Մասկը չդառնա Թվիթերի սեփականատերը, առաջիկա ամիսներին ընկերությունում, հավանական է, միեւնույն է՝ սպասվում են մասշտաբային կրճատումներ։ Ինչպես պարզաբանել է The Washington Post-ը, Թվիթերի ներկայիս ղեկավարությունը նախատեսել էր մինչեւ եկող տարեվերջ կրճատել ընկերության աշխատավարձի ֆոնդը 800 մլն դոլարով, ինչը նշանակում է աշխատակիցների մոտ մեկ քառորդի կրճատման անհրաժեշտություն։ Բացի այդ, Թվիթերը նախատեսում է զգալիորեն կրճատել իր ենթակառուցվածքը։ Մասնավորապես, դա վերաբերում է տվյալների պահման եւ մշակման պահպանմանը։

Ինչպես կարծում է թերթը,  մասշտաբային կրճատումների անհրաժեշտությունը բացատրում է Թվիթերի՝ ընկերությունը Մասկին վաճառելու ձգտումը։

Ապրիլին Թվիթերի ղեկավարությունը հայտարարել էր, որ Մասկն առաջարկել է գնել սոցցանցը 44 մլրդ դոլարով։ Մայիսին գործարարը հայտարարել էր, որ փորձել է ընկերությունից տեղեկություն ստանալ, որը կհաստատեր, որ գովազդային հաղորդագրությունների կեղծ եւ զանգվածային առաքումների համար կիրառվող գրառումները սոցցանցում կազմում են դրանց ընդհանուր թվի 5 տոկոսից էլ քիչ։ Այսպիսի տվյալներ նրան չեն ներկայացրել, եւ հուլիսի սկզբին Մասկի իրավաբաններն ընկերությանը տեղեկացրել են, որ նա հրաժարվում է գնել ընկերությունը։

Հոկտեմբերի 4-ին Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ Մասկը որոշել է վերականգնել գործարքը եւ գնել Թվիթերը նախնական գնով։ Նույն օրը սոցցանցի ներկայացուցիչը հաստատել էր, որ ստացել են համապատասխան նամակ Մասկի առաջարկով։ The Washington Post-ի տեղեկացմամբ՝ սպասվում է, որ գործարքը կկնքվի մինչեւ հոկտեմբերի 28-ը։