Ինդոնեզիայի իշխանություններն ուրախ կլինեն հանդես գալ որպես Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի բանակցությունների կազմակերպիչ «մեծ քսանյակի» գագաթաժողովում, եթե երկու պետությունների ղեկավարները ներկա լինեն համաժողովում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես ասել է ՌԴ-ում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Անտոնիո Մորատո Տավարեսը, Ջակարտան նման միջոցառումների անցկացման փորձ ունի։
«Ինդոնեզիան շատ ուրախ կլիներ անել դա։ Մենք արդեն նման բան արել ենք նախկինում։ Օրինակ, Կամբոջայում կոնֆլիկտի ժամանակ Ինդոնեզիան Ջակարտայում կազմակերպել է Վիետնամի եւ Կամբոջայի (որոնց միջեւ այն ժամանակ տարաձայնություններ կային) ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներ»,- ասել է դիվանագետը։
Ինչպես նշել է Ինդոնեզիայի դեսպանը, պարտադիր չէ, որ Պուտինի եւ Բայդենի հնարավոր բանակցությունները հանգեցնեն խնդիրների անհապաղ լուծման, բայց դրանք կարող են նպաստել երկխոսությանն ընդհանուր առմամբ։ Նա նաեւ ավելացրել է, որ ինդոնեզական կողմը Ռուսաստանը համարում է G20-ի կարեւոր անդամ։
«Ինդոնեզիայի նախագահ [Ջոկո Վիդոդոն] անձամբ մեկնել է Մոսկվա, որպեսզի Ռուսաստանին հրավիրի մասնակցելու գագաթաժողովին։ Ռուսաստանը՝ որպես G20-ի անդամ, նույնքան կարեւոր է, որքան ցանկացած այլ երկիր կամ միություն։ Ավելին, Ինդոնեզիան իրավունք չունի հետ կանչել հրավերը, բայց մենք բացառիկ իրավունք ունենք հրավիրելու լրացուցիչ մասնակիցների՝ որպես հյուրընկալող երկիր»,- ընդգծել է Խոսե Անտոնիո Մորատո Տավարեսը։




























