Հունգարիան չի համաձայնի ներկրվող գազի գնի սահմանաչափին, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանից մատակարարումների դադարեցման։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի  վարչապետ Վիկտոր Օրբանի ավագ օգնականը՝ հավելելով, որ եթե ԵՄ-ն որոշի նվազեցնել գները, նա ստիպված կլինի բացառություն անել Հունգարիայի համար, ինչպես դա եղավ նավթի դեպքում:

Եվրամիության առաջնորդները քննարկում են ներկրվող գազի, այդ թվում՝ ռուսական գազի գինը սահմանափակելու գաղափարը։ Առնվազն 15 երկրներ հորդորում են նման գնի սահմանաչափ սահմանել՝ զսպելու էներգակիրների գները եւ սպառողական ինֆլյացիան։ 

Սակայն ԵՄ մի քանի երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, թերահավատ են՝ մտավախություն ունենալով, որ գների սահմանափակումները կխեղաթյուրեն շուկայական գների ազդանշանները եւ կմեծացնեն սպառումը: 

«Դա պարզապես չի աշխատի: Արդյունքում մենք Եվրոպայում կունենանք ավելի քիչ գազ՝ ավելի բարձր գնով, ինչը հակասում է սկզբնական նպատակին»,-Reuters-ին ասել է Հունգարիայի վարչապետի օգնականը։