Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը բանակցություններ է անցկացրել թագավորության երկու խոշորագույն նավթ սպառող պետությունների՝ Չինաստանի եւ Հնդկաստանի գործընկերների հետ՝ ՕՊԵԿ+-ի՝ արդյունահանումը կրճատելու որոշման պատճառով ԱՄՆ-ի հետ հակասության ֆոնին, գրում է Bloomberg-ը:

Արքայազն Աբդուլազիզ բն Սալմանը առցանց հանդիպում է անցկացրել Չինաստանի էներգետիկայի ներկայացուցիչ Չժան Ցզյանհուայի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են ամրապնդել «էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերությունները երկու պետությունների միջեւ», ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Նրանք «կուժեղացնեն համագործակցությունը՝ ի հայտ եկած ռիսկերին ու մարտահրավերներին դիմակայելու նպատակով», ասվում է հայտարարության մեջ: «Թագավորությունը շարունակում է մնալ Չինաստանի հում նավթի ամենավստահելի գործընկերն ու մատակարարը»։

Նույն օրը արքայազն Աբդուլազիզը մեկնել է Նյու Դելի։ Նա հանդիպել է մի քանի հնդիկ պաշտոնյաների, այդ թվում՝ նավթի հարցերով նախարար Հարդիփ Սինգհ Պուրիի հետ՝ լրագրողներին ասելով, որ ՕՊԵԿ+-ը, հում նավթի շուկան կայունացնելու հարցում, լավ աշխատանք է կատարում: Հնդկաստանի կառավարությունը հանդիպումների վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել։

Էր Ռիադը քննադատության է ենթարկվել Սպիտակ տան կողմից, քանի որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը եւ գործընկերները՝ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ, որոշել են կրճատել արդյունահանումը: Պետքարտուղարությունն ասել է, որ հոկտեմբերի 5-ի որոշումը կայացվել է «ամենաանպատեհ պահին»՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում առկա գնաճային ճնշումները: Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կվերանայի թագավորությանը տրամադրվող ԱՄՆ ռազմական աջակցությունը։

Այնուամենայնիվ, եվրոպական եւ ասիական երկրները հիմնականում ձեռնպահ են մնացել սաուդցիներին եւ խմբի մյուս անդամներին հրապարակայնորեն դատապարտելուց:

Հնդկաստանում Արքայազնի մեկնաբանությունները հնչել են անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիան՝ Սաուդյան Արաբիայից նավթ ներկրող մեկ այլ պետություն, ասել է, որ թագավորությունը «բուլինգի» զոհ է դարձել:

«Թուրքիան դժգոհ է գների բարձրացումից, սակայն մենք սպառնալիքի լեզուն չենք կիրառում»,- ասել է արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։