Անցյալ շաբաթ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Բրյուգեում Եվրոպական դիվանագիտական ​​նոր ակադեմիայի բացման ժամանակ, Եվրոպան անվանել է այգի, իսկ մնացած աշխարհը՝ ջունգլիներ։ Նա շարունակել է միտքը՝ նշելով, որ այգին ջունգլիներից պաշտպանության կարիք ունի, գրում է The Hill-ը։

«Թեեւ նման նողկալի հայտարարություններն արդիական են 2022 թվականի լրատվամիջոցներում, այդ խոսքերը մեկ այլ երեւույթ են։ Բորելի խոսքերը չի կարելի ընկալել միայն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների համատեքստում։ Աշխարհի նման բաժանումն ավելին է նշանակում։ Բացի այդ, այդ խոսքերը մի շարք հարցեր են առաջացնում Եվրոպայի կողմից աշխարհի, մասնավորապես, Գլոբալ Հարավի ընկալման վերաբերյալ։

Այն գաղափարը, որ Եվրոպան այգի է, իսկ մնացած աշխարհը՝ ջունգլիներ, արմատացած է ռասայական անհանգստության մեջ։

Ամերիկյան քաղաքական դիսկուրսում ռասայական «փոխարինման տեսությունների» եւ, այսպես կոչված, ներգաղթյալների ներխուժման մասին նման բամբասանքները վերածնվել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։  Պահպանողականները, ինչպիսին է պատգամավոր Սթիվ Քինգը (հանրապետական Այովա նահանգից) հանդես են եկել այնպիսի հայտարարություններով, ինչպիսիք են «մենք չենք կարող վերակառուցել մեր քաղաքակրթությունը ուրիշների երեխաների օգնությամբ», եւ ազգը ականատես է եղել չորս տարվա չափազանցությունների, բեւեռացման, հակաէթնիկական հռետորաբանության։ 

Իր բլոգում Բորելը շարունակել է արդարացնել իր մեկնաբանությունը ներողություն խնդրելու քողի տակ՝ նշելով, որ դրանք ռասիստական ​​չեն եւ «հանված են կոնտեքստից»։ Հետաքրքիր է, որ նա չի անդրադարձել «ներխուժմանը»: Ի՞նչ նկատի ուներ նա՝ ջունգլիների ներխուժումը այգի ասելով:

Ճակատագրի հեգնանքով, դա այսպես կոչված այգին էր, որն ավելի շատ ներխուժեց ջունգլիներ, քան ջունգլիները ներխուժեցին այգի: Բորելը շարունակում է ասել, որ ինքը չի կիսում ամերիկյան նեոպահպանողականների քաղաքական միտքը։ Եվրոպայի անսպասելի շրջադարձը դեպի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան արժանահավատություն չի ավելացնում այս հայտարարությանը: Նույնիսկ համաշխարհային իրադարձությունների անփորձ դիտորդի համար Հնդկական կամ Խաղաղ օվկիանոսներում ֆրանսիական, գերմանական եւ նույնիսկ բրիտանական նավատորմերը պարզ հարց են տալիս՝ ի՞նչ են անում եվրոպացիները հազարավոր մղոններ հեռու: Ատլանտյան օվկիանոսում չինական կամ ռուսական նավատորմի մոտ  նման հարց չի՞ առաջանա։

Ցավոք, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանումը կարծես թե նշանակում է հանդես գալ որպես աշխարհի ոստիկան: Ամերիկացի առաջնորդները հասկացել են, որ իրենց ընտրազանգվածը ախորժակ չունի անվերջ պատերազմների եւ ժողովրդավարության խթանման նախագծերի, ինչպիսին Մերձավոր Արեւելքում անցած երկու տասնամյակների ընթացքում: Արդյո՞ք Եվրոպան կհետեւի օրինակին: Ընդլայնելով կոպիտ փոխաբերությունը՝ նա կշարունակի՞ ընտելացնել ջունգլիները եւ քաղաքակիրթ դարձնել կենդանիներին, ինչպես նախկինում փորձել է անել:

Գլոբալ Հարավի վերաբերյալ այս մեկնաբանությունները եւ հեռանկարները հաստատում եւ ամրապնդում են այնպիսի առաջնորդների փաստարկները, ինչպիսիք են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Վլադիվոստոկում  7-րդ Արեւելյան տնտեսական ֆորումի   լիագումար նիստում, ասել է, որ «Արեւմուտքը կառչած է հին աշխարհակարգից»։

«Արեւմտյան երկրները փորձում են պահպանել երեկվա աշխարհակարգը, որը միայն իրենց է ձեռնտու, ստիպել բոլորին ապրել իրենց հորինած տխրահռչակ կանոններով»,-ասել է Պուտինը։

Եթե ​​Արեւմուտքն իսկապես ցանկանում է շտկել կուրսը եւ վերանայել իր մոտեցումը Գլոբալ Հարավի նկատմամբ, նա պետք է սկսի իրենից։ Պետք է վերանայել ոչ միայն Բորելի նման փոխաբերությունները, այլ նաեւ այլասերված գաղափարները, ինչպիսին է կանոնների վրա հիմնված եվրոպական կարգը, որը ընտելացնում է համաշխարհային ջունգլիները եւ հանդիսանում է արտաքին քաղաքականության ձեւակերպման մաս:

Հակառակ դեպքում, ինչպես մենք տեսանք վերջին մի քանի շաբաթների ընթացքում Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի դառը մտքերի փոխանակության ժամանակ, Գլոբալ Հարավի ավելի շատ երկրներ կվերանայեն իրենց հարաբերություններն արեւմտյան աշխարհի հետ: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ն երկրում ԵՄ առաքելության ղեկավարին կոչ է անում բացատրել Բորելի խոսքերը։ Բացի այդ, կիրակի հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան դիմել է ԲՐԻԿՍ-ի խմբին միանալու համար (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ):

Ի տարբերություն նրա, ինչ եղել է 20 տարի առաջ, երկրներն ավելի շատ հնարավորություններ ունեն տնտեսական բարգավաճման եւ տեխնոլոգիական առաջընթացի համար՝ քան պարզապես ապավինելով արեւմտյան աշխարհին», գրում է պարբերականը։