Կիեւն անհանգստացած է ամերիկյան բարձրաստիճան հանրապետական օրենսդիրների վերջին հայտարարություններից Ուկրաինային օգնությունը կրճատելու վերաբերյալ, եթե նրանք վերահսկեն Ներկայացուցիչների պալատը հաջորդ ամիս կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքում։ Այս մասին Axios-ին ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինային ԱՄՆ օգնության ցանկացած կրճատում լուրջ հարված կհասցնի Ուկրաինային եւ կարող է փոխել պատերազմի  ընթացքը։ Ներկայացուցիչների պալատում փոքրամասնության առաջնորդ Քեւին Մակքարտին հասկանալ է տվել, որ հանրապետականները չեն պատրաստվում «չեկ գրել» Ուկրաինային տնտեսական անկման ժամանակ։

«Մենք անհանգստացած ենք այդ հայտարարություններից։ Մենք կարծում ենք, որ դրանք անարդար են։ Բայց ես կարծում եմ, որ մենք դա կուղղենք, որ մենք արդյունավետ կլուծենք այդ ռիսկերը, եւ օգնությունն Ուկրաինային չի դադարեցվի»,- ասել է Կուլեբան Axios-ին։ Նա նշել է, որ Ուկրաինան ստացել է երկկուսակցական աջակցություն ԱՄՆ Կոնգրեսում։ «Եվ մենք կաշխատենք ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների հետ, որպեսզի ապահովենք օգնության շարունակումը»,- ասել է նա։

«Մարդիկ մի բան են ասում ընտրություններից առաջ եւ այլ քաղաքականություն վարում դրանցից հետո»,- ասել է Կուլեբան։

Երկու կուսակցություններն ակտիվորեն աջակցել են Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն պատերազմի սկզբում, բայց հանրապետականները Ներկայացուցիչների պալատում թերահավատ են այս հարցում, եթե պատերազմը շարունակվի։

Մայիսին 57 հանրապետական Ներկայացուցիչների պալատում դեմ էր քվեարկել Ուկրաինային 40 մլրդ դոլար արժողությամբ օգնության փաթեթին։ Միջանկյալ ընտրություններից հետո նման օրենսդիրների թիվը կավելանա, մանավանդ եթե Կոնգրեսում հայտնվեն թերահավատ հանրապետականներ։

Բայց Սենատում փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄակՔոնելը (հանրապետական Քենտուկի նահանգից) վերջերս կոչ էր արել «հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ եւ հումանիտար ու տնտեսական օգնություն հատկացնել Ուկրաինային»։