Նորվեգիայի կենտրոնական Սթյորդալ քաղաքում գիտնականները հայտնաբերել են վիկինգների դարաշրջանի արծաթե գանձ: Ընդհանուր առմամբ, պահոցում հայտնաբերվել է 46 իր, սակայն միայն երկուսն են անձեռնմխելի։ Մնացած արտեֆակտները մետաղադրամների բեկորներ են, ապարանջաններ, հյուսած վզնոց, շղթաներ եւ մետաղալարեր: Հետազոտողները կարծում են, որ իրերը միտումնավոր են վնասվել, հայտնում է The History Blog-ը։

Գանձը հայտնաբերել էր տեղի բնակիչներից մեկը`անցյալ տարվա դեկտեմբերին: Սկզբում նա գտել է երկու փոքր արծաթե մատանի, իսկ հետո բեկորներ։ Ի վերջո գանձ որոնողը գետնի տակից հանել է 46 առարկա։ Դրանք բոլորը գտնվել են մակերեսից ոչ ավելի, քան 10 սմ խորության վրա։ Հենց որ տղամարդը հասկացել է, որ հնաոճ իրեր է գտել, գտածոյի մասին հայտնել է քաղաքային իշխանություններին։

«Այս գտածոն բացառիկ է, քանի որ այն վիկինգների դարաշրջանի արծաթի ամենամեծ կուտակումն է, որը հայտնաբերվել է Նորվեգիայում երկար տարիների ընթացքում: Գանձերը պատկանում են երկրի պատմության այն ժամանակաշրջանին, երբ տեղի բնակիչները մետաղադրամներով վճարում էին ոչ թե արժեքով, այլ կշռով։ Այս համակարգը կոչվում է քաշային տնտեսություն եւ այն օգտագործվել է փոխանակման եւ մետաղադրամի տնտեսության միջեւ անցումային շրջանում», - նշել է NTNU գիտության թանգարանից Բիրգիթ Մեյքսները:

Այս համակարգի օգտագործմամբ հաշվարկը Եվրոպայում գործածության մեջ մնաց նույնիսկ Արեւմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո: Բարտերից ավելի հարմար էր, քանի որ ցանկալի ապրանքը ստանալու համար ուղղակի պետք էր արծաթի ճիշտ քաշը տալ։ Մետաղադրամները տեղափոխվում էին հեշտ եւ հարմար՝ շատ ավելի հեշտ, քան փոխանակումը:

Գտածո արծաթի ընդհանուր քաշը 42 գրամ է, ինչը, համաձայն Գուլատինգի օրենքի (Նորվեգիայի հողային օրենքների ժողովածու, որը թվագրվում է մ.թ. մոտ 900 թվականին), թույլ է տվել գնել 0,6 կով: Իրերի մեծ մասը կշռում էր մեկ գրամից պակաս, ուստի հավանական է, որ դրանք արդեն օգտագործվել են որպես արժույթ: Հնարավոր է, որ գանձը իրականում ինչ-ինչ պատճառներով կորած դրամապանակ կամ վաճառականի դրամարկղ է եղել։

Գտածոն պարունակում է գրեթե ամբողջական լայն ապարանջան՝ բաժանված ութ մասի։ Ենթադրվում է, որ նման լայնաշերտ ապարանջաններ եղել են Դանիայում 8-րդ դարում։

Մյուս առանձնահատկությունը դրանում պարունակվող արաբական դրամների տարիքն է։ Որպես կանոն, բոլոր վիկինգների գանձարաններում մոտ 75%-ը իսլամական մետաղադրամներ են, որոնք հատվել են 890-ից 950 թվականներին։

«Իսլամական մետաղադրամների զգալի տարիքը, լայն թեւնոցների առկայությունը եւ առարկաների մեծ մասի մասնատվածության բարձր աստիճանը ավելի բնորոշ են Դանիային, քան Նորվեգիային: Այս հատկանիշները նաեւ հուշում են, որ գանձը թվագրվում է մեր թվարկության 900 թվականին»,- ասել է Բիրգիթ Մեյքսները: