Հնագետները Մեծ Բրիտանիայի Ուելս վարչա-դիվանագիտական մասում գտնվող ամենահին խանութի տակ, պեղումներ իրականացնելիս, ավելի քան 240 մարդու մնացորդներ են հայտնաբերել, որոնց կեսը երեխաների։ Նախկինում այս վայրը վանքի պատկանող գերեզմանոց է եղել, որը XVI դարի սկզբին վերացվել է, հայտնում է Live Science-ը։
Սուրբ Ամենափրկիչ վանքը հիմնադրվել է 1256 թվականին՝ վանականների հրամանով։ Վանքում եղել է գերեզմանատուն, որտեղ ոչ միայն վանականներն էին թաղված, այլեւ հարակից բնակավայրերի բնակիչները։
«Այս վայրը համարվում էր քաղաքային գերեզմանատուն։ Ակտիվորեն օգտագործվել է XII-XVI դարում։ Քանի որ այստեղ թաղված են եղել բոլորը, եւ ոչ միայն վանականները, այս գտածոն մեզ հնարավորություն է տալիս ուսումնասիրել այն ժամանակվա տեղի բնակիչների կյանքը»,- ասել է տեղի հնագիտական ծառայության ղեկավար Ֆրեն Մերֆին:
Նա նշել է, որ հայտնաբերված կմախքներից մի քանիսը տրավմայի նշաններ ունեն, այդ թվում՝ գանգերի վրա դանակահարությունից մնացած վերքեր: Սակայն, ըստ գիտնականների, դրանց պատճառների մասին խոսելու համար վաղ է՝ դրանք պարզաբանելու համար կպահանջվեն լրացուցիչ ուսումնասիրություններ։ Այնուամենայնիվ, հավանական պատճառներից մեկը ռազմական գործողություններն են, երբ 1405 թվականին այս տարածքը պաշարել է Ուելսի առաջնորդ Օվեյն Գլինդրը։
Հնագետները գերեզմանոցում հայտնաբերել են նաեւ մի քանի դամբարաններ, այդ թվում՝ հոգեւորականի։ Թաղված տղամարդու ձեռքերում եղել է պյութերի աման, որն օգտագործվել է հաղորդության ժամանակ։
Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են հատակի մի քանի դեկորատիվ սալիկներ, որոնք հավանաբար այս վայրում կանգնած եկեղեցու դեկորայի մնացորդներն են: Հնագետները կարծում են, որ եկեղեցին քանդվել է վանքի լուծարումից հետո։ Հայտնի է, որ բացի գերեզմանոցից ու եկեղեցուց, վանքի տարածքում գտնվել են մի շարք շինություններ՝ խցեր, սկրիպտորիա, ախոռներ եւ հիվանդանոց։
Հարկ է ավելացնել, որ այս վայրում պեղումները սկսվել են Ուելսի ամենահին հանրախանութներից մեկի քանդումից հետո, որը փակվել է 2013 թվականին՝ ավելի քան հարյուր տարվա աշխատանքից հետո:




























