Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն առաջիկայում ԱՄՆ-ի տնտեսությունում ռեցեսիայի ոչ մի նշան չի տեսնում, տեղեկացրել է Axios-ը։

Նրա մեկնաբանությունները հնչել են ՀՆԱ-ի մասին առեւտրի նախարարության հաշվետվությունից հետո, որում նշվել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը տարեկան կտրվածքով 2,6 տոկոսի աճ է գրանցել երրորդ եռամսյակում՝ վերջ դնելով հետեւողական անկմանը, որն էլ ռեցեսիայի մտավախություն էր առաջացրել։

Բայց սա մեծ մխիթարություն չէ միլիոնավոր ամերիկացիների համար, որոնք տեսնում են, որ իրենց իրական եկամուտները նվազում են բարձր գնաճի պատճառով։

«Հենց հիմա  մենք տեսնում ենք կայուն աճ այս եռամսյակում։ Աճն ակնհայտորեն դանդաղել է գործազրկության բարձր մակարդակի արագ վերականգնումից հետո»,- ասել է Յելենը։

«Բնական է, որ աճը դանդաղելու է։ Եվ այդպես է եղել այս տարվա առաջին եռամսյակներին, բայց նախկինի պես ամեն բան կարգին է։ Մենք շատ ուժեղ աշխատաշուկա ունենք, տնտեսության ռեցեսիայի նշաններ այս պահին չկան»,- շարունակել է նա։

Յելենը խոստովանել է, սակայն, որ գնաճն «անընդունելիորեն բարձր է»։ «Ամերիկացիները դա զգում են ամեն օր»,- ասել է նա՝ նշելով, որ, հավանաբար, կանցնի մի քանի տարի, մինչեւ որ գները կիջնեն այնպիսի մակարդակի, «որոնց մարդիկ սովորել էին»։