44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառմանը,  որում նա կոչ է արել դադարեցնել սուգն ու վայնասունը, լացն ու կոծը,  ձոներն ու փառաբանումները, փուչ բաժակաճառերը։

«Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն: Մենք պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր բաժակաճառեր, նո՛ր ոտանավորներ, նո՛ր բանաձեւեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն»,– գրել է Աննա Հակոբյանը ու կից տեղադրել 44–օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի շիրիմի մոտ նրա մոր եւ նորածին եղբոր լուսանկարը։

Արմանի հայրը՝ Վիգեն Ազատյանը 168.am-ի հետ զրույցում   Աննա Հակոբյանին անբարոյական է անվանել եւ ժամանակ տվել, որ նա ջնջի այդ հրապարակումը։

«Տականքն իրեն է թույլ տվել մտնել մեր ընտանիքներ, խոսել մեր որդիների մասին, օգտագործել «մեռել», «թաղել» բառերը։ Մարդ ինչքան պետք է անբարոյական լինի, որ չհասկանալով կամ էլ գիտակցաբար 20 տարեկան տղաների մասին նման բառեր օգտագործի ու  դրան կից էլ տեղադրի այդ տղայի ընտանիքի լուսանկարը։ Ինչ տիպի պիղծ ես դու, դու փտած ես»,– կայքի հետ զրույցում ասել է Վիգեն Ազատյանը՝ դիմելով Աննա Հակոբյանին։

Զոհվածի հայրը Աննա Հակոբյանին հիշեցրել է սեպտեմբերի 21–ին «Եռաբլուրում» զոհված զինծառայողներին ծնողներին բերման ենթարկելու տեսարանները, եւ ամոթանք տվել նրան, որ այդքանից հետո համարձակվել է այդ գրառումն ու լուսանկարը տեղադրել։

«Քո մարդու դավաճանությունը չի ներվելու։ Ընտանիքդ մեզ պատասխան է տալու, քանի որ դուք մտաք մեր ընտանիքները։ Մինչեւ օրվա վերջ ջնջի գրառումդ, ներողություն խնդրի բոլոր որդեկորույս ընտանիքներից, հանձինս իմ ընտանիքից։ Քո կեղտոտ հոգով մի անդրադարձի սուրբ թեմաների»,– ասել է Վիգեն Ազատյանը։

Զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել Աննա Հակոբյանին այլեւս չանդրադառնալ հերոս տղերքին եւ նրանց ծնողներին։

«Հանրության ուշադրությունն էլ հրավիրում եմ այն փաստին, որ Աննա Հակոբյանը, որը նիկոլի կինն է, կոչ է արել թաղել հինգհազարամյա Հայաստանը կամ իր բառերով ասած` մեր եւ հայրենիքի հարաբերությունները ճանաչենք մահացած եւ թաղենք հինգհազարամյա մեռելին։

Ավելին, անցնելով բոլոր սահմանները, առաջարկում է երկիրը թաղել այնպես ինչպես մայրը թաղել է 19 ամյա որդուն։ Մնում է հարցնենք` ախր դու ոնց կարող ես իմանալ... Եւ մենք մեր տղերքին քո բառերով ասած չենք թաղել, մենք մեր սրբերին ճանապարհել ենք Երկինք, որտեղ դավաճանների դատելու են։

Ցինիզմը ավելացնելով նիկոլի կինը հրապարակմանը կից տեղադրել է հերոսներից մեկի նորածին եղբոր եւ նրա մոր լուսանկարը, որն արված է Եռաբլուրում։

Հայեր, ՀՀ քաղաքացիներ, նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրը ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել։ Հիմա հերթը մերն է։

Իսկ հիմա շատ պարզ եւ հստակ նիկոլից եւ աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար եւ անհապաղ հեռանալ։ Չքվեք»,– գրել է նա։

Զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն էլ Աննա Հակոբյանին մեղադրել է այդ գրառման համար եւ դրանից եզրակացրել, որ ավելի վատ իրադարձություն է սպասվում։

«Մոռանալ, որ երբեւէ ունեցել ենք զավակներ, մոռանալ հազարավոր լույս տղերքին ու ապրել այնպես ասես ոչինչ էլ չի եղել, մոռանալ, որ լույս աշխարհ ես բերել զավակ,ում դուք տարաք կանխամտածված մահվան։ Ներեցեք, բայց դուք ադեկվատ ե՞ք թե ինչ որ դեղի ազդեցության տակ եք «առաջին տիկին կոչված», ինչ եք բարբաջում, ծնողը մոռանա, որ անգամ հրաժեշտ չկարողացավ տա իր զավակին, ծնողը մոռանա թե ոնց են խոշտանգել իր զավակին, չէ դու քարից ես, դու իրո՞ք մսից ես, քո երակներում իրո՞ ք հայի արյուն է հոսում։ Դու տար քո չորսին էլ դիր հողը ու մոռացի մեռելներիդ, շարունակի ապրել։ Հերիքա մեր նյարդերի հետ խաղաս, հերիքա ճառեր գրես։ Քո գրածի տողատակերում միայն մի բան կա, սպասվում է ավելի վատ իրադարձություն»,– գրել է Աստղիկ Գալեյանը։