Ըստ Լոնդոնի Queen Mary համալսարանի նոր հետազոտության, որը հրապարակվել է Animal Behavior ամսագրում՝ մեղուները կարող են խաղալ: Սա առաջին դեպքն է, երբ առարկաների հետ խաղային վարքագիծ է դրսեւորվել միջատների մոտ՝ ավելացնելով ապացույցներն այն մասին, որ մեղուները կարող են դրական «զգացմունքներ» ունենալ:
Հետազոտողների թիմը բազմաթիվ փորձեր է անցկացրել՝ ստուգելու այդ վարկածը, որոնք ցույց են տվել, որ մեղուներն ամեն կերպ փորձել են գլորել փայտե գնդիկները, չնայած այն բանին, որ դա անելու ակնհայտ դրդապատճառ չեն ունեցել:
Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ երիտասարդ մեղուները ավելի շատ գնդիկներ են գլորում, քան տարեցները՝ արտացոլելով փոքր երեխաների եւ այլ երիտասարդ կաթնասունների ու թռչունների մարդկային վարքը, որոնք առավել ժիր են, եւ որ արու մեղուները դրանք ավելի երկար են գլորում, քան էգերը:
Հետազոտությանը մասնակցել է 45 մեղու, նրանց հնարավորություն է տրվել անխոչընդոտ ճանապարհով գնալ դեպի կերակրման վայր կամ այս ճանապարհից շեղվել փայտե գնդիկներով խաղալով։ Առանձին մեղուները, մեկ փորձի ընթացքում, գնդիկները գլորել են 1-ից 117 անգամ: Կրկնվող պահվածքը հուշում է, որ գնդակը գլորելը ձեռնտու է եղել:
Սա հաստատվել է հաջորդ փորձով, որի ընթացքում եւս 42 մեղուների մուտք է տրվել երկու գունավոր խցիկներ, որոնցից մեկը միշտ շարժական գնդակներ է պարունակում, իսկ մյուսը՝ դատարկ է: Փորձի ընթացքում՝ ընտրելով գնդակներ չպարունակող երկու խցիկների միջեւ, մեղուները նախապատվությունը տվել են այն գույնի խցին, որը նախկինում կապված էր փայտե գնդակների հետ:
Փորձարկումը վերացրել է ցանկացած պատկերացում այն մասին, որ մեղուները գնդակները տեղափոխում են այլ նպատակով, քան խաղ անելն է: Գնադկը գլորելու համար կերի հասնելու կամ նման այլ որեւէ նախադրյալ չի եղել:
Հետազոտությունը հիմնված է նույն լաբորատորիայի նախորդ փորձերի վրա, որոնք ցույց են տվել, որ իշամեղուներին կարելի է վարժեցնել գոլեր խփել՝ գնդակը դեպի թիրախ գլորելով՝ քաղցր ուտելիքի պարգեւի դիմաց: Նախորդ փորձի ժամանակ թիմը նկատել է, որ իշամեղուները գնդիկներ են գլորում փորձից դուրս՝ առանց սնունդ ստանալու:
Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ մեղուները բազմիցս գլորել են գնդակներ՝ առանց մարզվելու եւ առանց սննդի, դա կամավոր է եղել եւ ինքնաբուխ, ինչը նման է այլ կենդանիների խաղային վարքագծին:
Հետազոտողները բացատրում են, որ մեղուները կարող են իրականում զգալ որոշ դրական հուզական վիճակներ: Նման հայտնագործությունները միջատների միտքն ու բարեկեցությունը հասկանալու հետեւանքներ ունեն:
Համալսարանի պրոֆեսոր Լարս Չիտկան ասում է, որ «այս ուսումնասիրությունը վճռականորեն ցույց է տալիս, որ միջատների միտքը շատ ավելի բարդ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Շատ կենդանիներ կան, որոնք խաղում են պարզապես զվարճանալու համար, բայց օրինակների մեծ մասը գալիս է երիտասարդ կաթնասուններից եւ թռչուններից»:




























