Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի անձնական սմարթֆոնը, հնարավոր է, «կոտրվել»  է իսրայելական NSO Group ընկերության  Pegasus լրտեսական ծրագրի միջոցով, հայտնում է The Times թերթը։

Բրիտանական MI-6 հատուկ ծառայության նախկին ղեկավար Ալեքս Յանգերի խոսքով՝ համացանցին միացված բոլոր սարքերը կարելի է «կոտրել»  Pegasus-ի միջոցով, որն արդեն օգտագործվել է պետությունների ղեկավարների հեռախոսների վրա հարձակումների համար։ Բրիտանացի նախարարները «բավարար ուշադրություն չեն դարձնում անվտանգությանը, նրանց պետք է կիբերանվտանգության դասեր տալ»,- հավելել է նա։

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կոչ էր արել հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել Թրասի հեռախոսները «կոտրելու» մասին, երբ նա դեռ ԱԳ նախարար էր: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հարձակվողներին հասանելի է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում Թրասի նամակագրությունը, այդ թվում գաղտնի տեղեկություններ պարունակող հաղորդագրությունները, կարեւոր դաշնակիցների հետ Լոնդոնի բանակցությունների մանրամասները եւ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների մասին տեղեկությունները:

2021 թվականի ամռանը Ֆրանիսայում գործող Forbidden Stories ՀԿ-ն եւ տարբեր երկրների 17 լրատվամիջոցներ հրապարակեցին հետաքննության արդյունքները, որոնք պնդում էին, որ մի շարք երկրներ կարող են լրտեսել տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ օգտագործելով Pegasus բջջային հեռախոսի ծրագիրը:

Լրագրողական հետաքննությանը մասնակցած The Guardian թերթի տվյալներով՝ հսկողության թիրախ կարող են լինել մի շարք միջազգային կազմակերպությունների, կառավարությունների եւ պետությունների ղեկավարներ։