Բրիտանական քաղաքականության ամենաբուռն շրջանից հետո Ռիշի Սունակը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը, գրել է BI-ն։

42-ամյա Սունակը, որը ֆինանսների նախարարն էր, ունի 730 մլն ֆունտ սթեռլինգ (847 մլն դոլար) սեփական կապիտալ։ Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սունակն ամենահարուստ մարդն է Դաունինգ սթրիթ 10-ում։

Նրա եւ կնոջ՝ Աքշատա Մուրտիի կարողությունը մրցակցում է անգամ թագավորական ընտանիքի անդամների (օրինակ՝ թագավոր Չարլզ Երրորդի) կարողության հետ։ Sunday Times-ի տվյալներով՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կարողությունը գնահատվում էր 44 մլն դոլար։

Սունակի հսկայական հարստությունը, սակայն, նրան խոցելի է դարձրել։ Նկատի ունենալով երկրի տնտեսական դժվարությունները՝ դա կարող է էլ ավելի բարդացնել նրա աշխատանքը վարչապետի պաշտոնում։

Սունակը պաշտոնն ստանձնում է 2010թ. Պահպանողական կուսակցության իշխանության գալուց հետո ամենատխուր ժամանակներում։

Նրա հաղթանակը, թերեւս, հանգստացրել է ֆինանսական շուկաներին, բայց նրա ամենամեծ խնդիրը դեռ առջեւում է, քանի որ իրավիճակը կարող է պահանջել բարձրացնել հարկերը եւ կրճատել ծախսերը։

BNP Paribas-ի գլխավոր եվրոպական տնտեսագետ Փոլ Հոլինգսվորթը նշել է, որ տնտեսության կայունացման համար կպահանջվի «ծախսերի զգալի կրճատում... ինչը վնաս կհասցնի տնտեսական եւ քաղաքական առումներով»։

Սունակի ֆինանսների նախարար եղած ժամանակ մոլեգնում էր համավարակը։ Նա այդ պաշտոնն ստանձնել է 2020թ. փետրվարին, Անգլիայի «փակվելուց» մեկ ամիս առաջ։ Նա տասնյակ միլիարդավոր ֆունտ է ծախսել աջակցության ծրագրի, ինչպես նաեւ ինքնազբաղներին օգնելու եւ ռեստորանում սնվելու զեղչերի վիճելի սխեմայի վրա։

IPPR տնտեսական արդարության կենտրոնի ղեկավար Ջորջ Դիբն ասել է, որ Սունակը լավ է հասկանում հարկային քաղաքականությունը։ Սունակն իր դասախոսություններից մեկում խոսել է հարկերի ֆինանսավորվող նվազեցման մասին։

Դիբն ավելացրել է, որ Սունակը հակված է ուշացումների, որոնք տնտեսության վրա ավելի թանկ են նստել եւ վատացրել են մարդկանց վիճակը։ Իսկ համավարակի ժամանակ կարծիք կար, որ նրա քաղաքականությունը վնասել է ամենաաղքատներին։

«Ըստ երեւույթին, նա չի հասկանում, որ մարդիկ աշխատում են լրիվ աշխատանքային օր, հնարավոր ամեն բան անում են եւ չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել»,- ասել է Insider Ջիվուն Սանդերը՝ New Economics Foundation-ի տնտեսական բաժնի ղեկավարը։

Սունակի տնտեսական որոշումները առնչվում են կոշտ խնայողության հետ, որը 10 տարի առաջ թողել էր նախորդ պահպանողական կառավարությունը, եւ որը, ըստ IFS հետազոտության, նպաստել էր մանկական աղքատության նկատելի աճին։

Հարուստների եւ էներգետիկ ընկերությունների հարկերի բարձրացումը, որոնք հսկայական շահույթ են ստացել, հավասարակշռման հիանալի տարբերակ կլիներ։ Բայց, Դիբի խոսքով, հազիվ թե Սունակն ընտրի այդ տարբերակը։

Պետական ծախսերի կրճատման հանդեպ քաղաքական ցածր շահագրգռությունը, որը վնասում է աղքատներին, կդիտարկվի այն պրիզմայով, թե ով է դրանք կառավարում. վարչապետ Սունակը՝ 730 մլն ֆունտ սթեռլինգ կարողությամբ։

Ֆինանսների նախկին նախարարն ունի XIX դարի առանձնատուն Յորքշիրում, միլիոնավոր դոլարների արժողության տուն Լոնդոնում։

Սունակը, հավանաբար, անհարմարություն կզգա՝ ստանալով 13 000 ֆունտ սթեռլինգ լողավազանը տաքացնելու համար, այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի աճող գները շատերին ստիպում են օգտվել մթերային բանկերից։

Վարչապետը, որը նաեւ բախվել է իր կնոջ կարգավիճակի ստուգման խնդրին, որը մշտական բնակության վայր չունի, ինչը նրան թույլ է տվել ստանալ մոտ 11,5 մլն ֆունտ սթեռլինգ որպես դիվիդենդ՝ Մեծ Բրիտանիայում առանց հարկերի վճարման, հավանաբար, լավ թիրախ կդառնա ընդդիմադիր պատգամավորների եւ ակտիվիստների համար։

«Մարդկանց կանքում այնքան բան է տեղի ունենում, նրանց համար դժվար է հասկանալ, թե որքան խելահեղորեն հարուստ է իրենց խորհրդարանի անդամը»,- The Guardian-ին ասել է հավասարության համար պայքարի ակտիվիստ Գերի Սթիվենսոնը։ «Գուցե նա ամենահարուստ մարդն է, որը երբեւէ եղել է խորհրդարանում, եւ որպես ֆիննախի ղեկավար նա հետեւել է անհավասարության ամենամեծ աճին ամբողջ պատմության ընթացքում»։