Տրիպոլիի հետ Թուրքիայի էներգետիկ գործարքը մեծացնում է Անկարայի եւ Աթենքի միջեւ բաց հակամարտության վտանգը, գրում է Politico-ն։

Հոկտեմբերի 3-ին Թուրքիան Լիբիայի Տրիպոլիի կառավարության հետ նախնական համաձայնագիր է ստորագրել Լիբիայի ափերի մոտ նավթ եւ գազ որոնելու համար՝ չհստակեցնելով, թե արդյոք հետախուզումը տեղի կունենա Հունաստանի հարավային ջրերում, որտեղ, ըստ Աթենքի, թուրքերն իրավունք չունեն գտնվել։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը մեղադրել է Թուրքիային «Լիբիայում տիրող անհանգիստ իրավիճակն օգտագործելու համար՝ միջերկրածովյան տարածաշրջանում անվտանգությունն էլ ավելի ապակայունացնելու եւ տարածաշրջանային հեգեմոնիա հաստատելու համար»։

Անկարա-Տրիպոլի պայմանագիրը կնքվել է հատկապես բուռն ժամանակաշրջանում, որը միայն խորանում է նրանով, որ հաջորդ տարի Հունաստանում, Թուրքիայում եւ Կիպրոսում կանցկացվեն ընտրություններ, ինչի հետեւանքով 2023 թվականին արեւելյան Միջերկրական ծովի աշխարհաքաղաքական խնդիրներին կխառնվի նաեւ ընտրողների հայրենասիրության մեծացման ռիսկը։

Թեեւ Հունաստանն ու Թուրքիան պարբերաբար միմյանց մեղադրում են Էգեյան ծովում կործանիչների կիրառմամբ սադրանքների մեջ, հռետորաբանությունը հասել է տագնապալի մակարդակի։

Անցյալ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել էր, որ իր ուժերը կարող են «մի գիշեր հանկարծակի գալ»: Դա մեկնաբանելով որպես ուղղակի սպառնալիք հունական կղզիների հանդեպ՝ Դենդիասը նախազգուշացրել է իր դաշնակիցներին, որ նրանք պետք է ճնշեն Անկարային կամ կարող են հերթական ուկրաինական ճգնաժամի ռիսկի ենթարկվել:

Երբ խոսքը վերաբերում է Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրություններին, Էրդողանը, որի կուսակցությունը չունի մեծամասնության աջակցությունը, ձգտում է ձայներ գրավել ազգայնական «Լավ կուսակցություն»-ից:

Հունաստանի կառավարությունը նույնպես քարոզարշավի ռեժիմի մեջ է, եւ նրա վարկանիշը վերջերս տուժել է ընդդիմության առաջնորդներին եւ լրագրողներին հետեւելու հետ կապված սկանդալից:

Չնայած աճող լարվածությանը, երկու կողմերն էլ ասում են, որ պատրաստ են երկխոսության գնալ իրենց տարաձայնությունները լուծելու համար, եւ եթե չկարողանան պայմանավորվել, ծովային վեճի արբիտրաժ կդիմեն Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանում:

Խնդիրն այն է, որ Հունաստանն ու Թուրքիան տարբեր տեսակետներ ունեն քննարկվող առարկայի վերաբերյալ: Հունաստանը միայն ծովային գոտիներն է համարում բանակցությունների թեմա, մինչդեռ Թուրքիան ցանկանում է լուծել հարցերի ավելի լայն շրջանակ, ինչպիսիք են կղզիների ինքնիշխանությունը եւ դրանց ապառազմականացումը:.

Երկու կողմերն էլ հայտարարել են, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ծովային վերջին գործարքը ցույց է տալիս, որ կարգավորումը հնարավոր է:

Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցությունն առաջարկել է Հունաստանին անհապաղ ընդլայնել իր տարածքային ջրերը մինչեւ Կրետեից 12 ծովային մղոն հարավ եւ արեւելք, այնուհետեւ սկսել սահմանազատման բանակցություններ արեւելյան Միջերկրական ծովի բոլոր ափամերձ հարեւանների, այդ թվում՝ Լիբիայի եւ Թուրքիայի հետ:

Թուրքիան Հունաստանին սպառնացել է ռազմական գործողություններով, եթե նա օգտվի ՄԱԿ-ի Ծովային իր իրավունքներից եւ ընդլայնի իր տարածքային ջրերը մինչեւ 12 ծովային մղոն Էգեյան ծովում, քանի որ իր ափերի մեծ մասը կզրկվի դեպի ծով ելքից»: