Հնդկական ոստիկանությունը հետիոտն կախովի կամրջի փլուզման հետաքննության շրջանակում ձերբակալել է ինը մարդու, այդ թվում տոմսեր վաճառողներին եւ կապալառուներին։ Կամրջի փլուզման հետեւանքով զոհվել է 134 մարդ, նրանցից շատերը երեխաներ էին։

Տեսահսկման կադրերում երեւում է, թե ինչպես է երիտասարդների խումբը լուսանկարում, թե ինչպես են ուրիշ տղաներ ճոճում հետիոտն կախովի կամուրջը Մորբիում, ինչից հետո այն հայտնվում է գետում։ Ճոպանները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը։

Գաղութատիրական դարաշրջանի կամուրջը Մաչխու գետի վրա լիքն էր զբոսաշրջիկներով, որոնք զվարճանում էին տոնական միջոցառումներով։ Կամրջի փլուզվելուց հետո մարդիկ հայտնվել են գետում, մոտ 10 մետր խորությամբ ջրում։

Տուժածներից մեկը՝ Աշվին Մեհրան, որը բուժում էր ստանում ոտքերի եւ մեջքի վնասվածքներից հետո, լրագրողներին ասել է, որ ինքն ու էլի վեց մարդ հասել են ափ՝ բռնելով կամրջի մետաղական բազրիքն ու ցանցը։

«20-25 տարեկան մոտ 15-20 երիտասարդ ճոճում էին կամուրջը,- ասել է նա։- Մենք երեք անգամ ինչ-որ ձայներ լսեցինք, իսկ վեցերորդ անգամ կամրջի ճոպանը հանկարծ պոկվեց»։

Ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը տեղեկացրել է, որ ինը մարդ, այդ թվում ղեկավար անձնակազմը, տոմսարկղերի աշխատակիցները եւ երեք պահապան, ձերբակալվել են այն բանի համար, որ չեն կարողացել վերահսկել մարդկանց կուտակումը։

Աշոկ Կումար Յադաբի խոսքով՝ ձերբակալվածների մեջ կա երկու մարդ, որոնք 1877թ. կառուցված օբյեկտի նորոգման պայմանագիր են ստացել։ Նա ավելացրել է, որ, հավանաբար, էլի ձերբակալություններ կլինեն։

Տեղի պաշտոնյաները հայտարարել են, որ ժամացույցներ եւ էլեկտրական սարքեր արտադրող ընկերությունը, որը պատասխանատվություն է կրում կամրջի համար, իշխանություններին չի տեղեկացրել այն մասին, որ կամուրջը նորոգումից հետո նորից է բացվել անցած շաբաթ՝ ավելացնելով, որ հանրային օգտագործման համար պիտանիության վկայական չի  տրվել։